Ծնունդդ շնորհավոր, քեռի ջան

 

Ինձ պատմում են, որ 2008-ի մարտի 1-ին քեռիս՝ երջանկահիշատակ քաղաքագետ Հրաչ Գալստյանը, տագնապած է եղել, շատ անհանգիստ ու բոլոր հնարավոր ու անհնար գործողություններն արել է՝ այդ օրվա վտանգավոր զարգացումները կանխելու համար։

Այդ ժամանակ ես արդեն բանտում էի, Հրաչը մի կողմից փորձել է բոլոր հնարավոր միջոցներով օգտակար լինել ինձ, մյուս կողմից՝ հասկացել է, որ իմ կալանավորումն ընդամենը հետևանք է երկրում տիրող անտագոնիզմի, կոշտ հակադրության։ Բոլոր դեպքերում Հրաչը ռազմավարական, գլոբալ մտածողություն ուներ ու միշտ պայքարում էր ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ։

Անտագոնիզմի ռեժիմում, սակայն, բանական, ռացիոնալ խոսքն անտեսվում, խեղդվում է ու 13 տարի առաջ տեղի ունեցան բոլորիս հայտնի իրադարձությունները, որոնք երկիրը գլորեցին հետ, վտանգավոր մի ճահիճ, որից ելքեր չեն գտնվում անգամ մեր օրերում, երբ հին վերքերին ավելացել են նորերը, հին պրոբլեմներն այլևս երկրորդական են դարձել մեծ մարտահրավերների ստվերում։

Հրաչը տեսնում էր երկրի բզկտումը, մասնատումը՝ քաղաքակրթական, արժեքային հարթության վրա ու անդադար խոսում էր այդ մասին

«․․․Բոլորին թվում է, որ պետությունը, որ վերջապես ստեղծել ենք, հավերժ է, բուֆերի հատկություններ ունի՝ կարող է մեղմել ու մարսել ցանկացած հիմարություն:

Հավերժ չէ, բուֆերի հատկություններն էլ անվերջ չեն:

Ես այլևս չմասնակցող չեմ՝ պաշտպանելու եմ պետությունս․․․»,- գրել է նա։

Հրաչը պետությունը պաշտպանել չհասցրեց, վեց տարի առաջ հեռացավ մեզանից, սակայն նրա այս ու բազմաթիվ խոսքեր ուղեկցում են ինձ, նրան ճանաչող հազարավոր մարդկանց։

Հրաչի տեսակը Հայաստանում պակասեց, վերացավ ու այսօր բոլորս ապրում ենք վերահաս աղետի չարագուշակ կանխազգացումով՝ հատ ու կենտ բանական արձագանքներով։

Այսօր Հրաչի տարեդարձն է ու դարձյալ հեռու, շատ հեռու ենք նրա պատկերացրած Հայաստանից, ինձ մխիթարում եմ այն հարուստ քաղաքակրթական ժառանգությամբ, որը թողել է քեռիս։ Դա մի օր պետք կգա իսկական ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՄԱՐԴՈւՆ, խավարի դեմ պայքարող հասարակությանը․․․․

Շնորհավոր ծնունդդ, քեռի ջան։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր