Site icon politcom

Փաշինյանի երեք կարևոր արձանագրումները․ արտահերթ ընտրություններն անխուսափելի են

Այսօր Երևանում տեղի ունեցան զուգահեռ զանգվածային հանրահավաքներ, որոնցից մեկում աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, մյուսում պահանջում նրա հրաժարականը։ Չնայած բոլոր մտավախություններին՝ քաղաքական ուժերին ու նրանց աջակիցներին հաջողվեց խուսափել բախումներից, փողոցային էսկալացիայից։

Մյուս արձանագրումը՝ փողոցում ավելի շատ մարդկանց կարողացել էր կոնսոլիդացնել Փաշինյանը ու դա տեսանելի էր անգամ անզեն աչքով։ Վարչական ռեսուրսի մասին խոսակցություններին պետք է վերապահմամբ մոտենալ, որովհետև հարթակային ընդդիմությունը նույնպես, մեղմ ասած, օգտագործում է ահռելի ռեսուրսներ՝ շարժման ալիքը պահպանելու համար։ Գործ ունենք ռեսուրսային պայքարի տրամաբանության հետ, որի պարագայում Փաշինյանն ավելի արդյունավետ գործեց, քան՝ «Հայրենիքի փրկության շարժումը»։

Այստեղ խնդիրն, իհարկե, այն չէ, որ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, ասենք անկեղծ՝ շատ մեծ է նախկինների հետ նույնացող ընդդիմադիր հարթակի հակավարկանիշը։

Փաշինյանը կարողացավ փողոցում օրակարգ թելադրել՝ հաջողությամբ խաղարկելով «նախկինների» գործոնը։

Բայց Փաշինյանի այսօրվա ելույթում կային քաղաքական առնվազն երեք շեշտադրումներ, որոնց կապիտալիզացիան կարող է նպաստել նրա դիրքերի մասնակի վերականգնմանը։

ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկության հարցում Փաշինյանը գնալու է մինչև վերջ։ Շատ հնարավոր է, որ այս հարցում նա ստացել է նաև Մոսկվայի աջակցությունը՝ «Իսկանդերի» շուրջ այսօրվա զարգացումներից հետո։ Բացի այդ, Փաշինյանը Գասպարյանին փորձեց ինտեգրել հին համակարգին՝ տարանջատելով բարձր սպայակույտի մյուս ներկայացուցիչներից, որոնց վարչապետը հրապարակավ «համաներեց»։

Մյուս կարևոր արձանագրումը։

Փաշինյանն առաջարկում է անցում կատարել կիսանախագահական համակարգին, ինչը նշանակում է, որ որոշակի ինստիտուցիոնալ հետևություններ են արվել ֆորս-մաժորային իրավիճակներից, պատերազմի ծանր հետևանքներից։

Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը խոսեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Շատ կարևոր է, որպեսզի Փաշինյանը գոնե այս անգամ հետևողականություն ցուցաբերի՝ չտրվելով քաղաքական կոնյուկտուրային։ Արտահերթ ընտրությունները ճգնաժամի հաղթահարման միակ միջոցն են, որը մի կողմից, թույլ կտա մարգինալացնել հին համակարգի ռևանշիստական օրակարգը, մյուս կողմից՝ նախադրյալներ ստեղծել որակապես նոր իշխանության ձևավորման համար։

Համենայն դեպս, այսօր Փաշինյանին հաջողվեց վերադարձնել քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորությունը։ Գնդակը հարթակային ընդդիմության դաշտում է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version