Ո՞ւմ է դեմ է ուղղվելու «Իսկանդերը»․ Փաշինյանն ու Մոսկվան պարզեցին հարցերը

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը․ «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:
Պաշտոնական Երևանն, այսպիսով՝ հանդես է եկել պարզաբանմամբ, որը գուցե նույնիսկ զավեշտալի է, սակայն միանգամայն բավարարում է պաշտոնական Մոսկվային, որի արձագանքն, ի դեպ, չի ուշացել։
«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իհարկե, ընդառաջ կատարված պաշտոնական այս հայտարարությունները բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ չեն տալիս, ավելի ստույգ՝ ծնվում են նոր հարցեր, որոնք իրենց սրությամբ, պակաս հետաքրքիր չեն։
Արդյո՞ք «Իսկանդերն» իսկապես չի օգտագործվել, թե՞ Մոսկվան է համոզել Փաշինյանին՝ հետ կանգնել իր դիրքորոշումից, ինչի դիմաց վերջինիս աջակցություն է խոստացել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում։
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա երկրի ներսում առաջիկա օրերին կտեսնենք Նիկոլ Փաշինյանի ավելի վճռական քայլեր, մանավանդ, որ այսօր տեսանելիորեն ուժեղացել է վարչապետի թիմի ճնշումը Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Տակավին անհայտ է, թե ինչ պայմանավորվածություններ են կայացել Փաշինյան-Սարգսյան այսօրվա հանդիպման ընթացքում, սակայն հրապարկային հայտարարությունների մակարդակում երկրի վարչապետն ու նախագահը տակավին մնում են իրենց դիրքերում և առայժմ տեսանելի չէ ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհը։
Մյուս կողմից, հարց է առաջանում՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է Փաշինյանին սխալ տեղեկատվություն տվել «Իսկանդերի» մասին, եթե ընդունենք, որ պաշտոնական Երևանի և Մոսկվայի հայտարարություններն արժանահավատ են։
Տրամաբանությունը հուշում է, որ սլաքները պետք է ուղղվեն Գլխավոր շտաբի ուղղությամբ։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Մոսկվայի հետ «Իսկանդերի» խնդիրը պարզաբանելուց հետո Փաշինյանն ուժեղացրեց Օնիկ Գասպարյանի նկատմամբ ճնշումը։ Հայաստանի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը և առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ բավարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր:
Իհարկե, չբացառենք, որ Փաշինյանին ապակողմնորոշողները կարող են միանգամայն այլ մարդիկ լինել, մանավանդ, որ գործող վարչապետը հաճախ է տրվում հակահամակարգային մոտեցումներին ու շփումներին։
Ինչևէ, այս պահին Հանրապետության հրապարակում և Բաղրամյան պողոտայում տեղի են ունենում հանրահավաքներ, որոնք մեծապես կարող են ազդել ներքաղաքական զարգացումների վրա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր