Օնիկ Գասպարյանը կհեռանա ԳՇ պետից, ի՞նչ է անելու ընդդիմությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

Իրավական բնույթի այս խուճուճ տեքստը կարող է տարընթերցման տեղիք տալ, ընթերցողներին գուցե թվա, որ Արմեն Սարգսյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, և Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարումը։

Իրականում՝ չկա նման բան։

Արմեն Սարգսյանն իրականում չի ընդունել Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը, սակայն ՍԴ դիմել է ամենևին էլ ոչ նրա ազատմանն ուղղակիորեն վերաբերող դիմումով։ Ըստ այդմ, Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվելու է պաշտոնից արդեն մարտի 4-ին։

Անկեղծ ասած, իրադարձությունների այս սցենարը կանխատեսելի էր ու դրա մասին առավոտյան գրել էինք։

Նիկոլ Փաշինյանի երեկվա կատեգորիկ պնդումները ու ԳՇ բավականին զուսպ և «անատամ» պատասխանը հուշում էին, որ Գասպարյանը հոգեբանորեն պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից։

Փաշինյանը երեկ ապահովել էր իր «հաղթանակի» հիմքերը։

Նախ, բազմամարդ հանրահավաքի պատրանք էր ստեղծվել, համենայն դեպս՝ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների թիվն ավելին էր նրա հրաժարականը պահանջող հավաքի մասնակիցների թվից։ Ռեսուրսային պայքարի տրամաբանության մեջ նման «մանրուքները» կարևոր են։

Բացի այդ, երեկ պաշտոնական Երևանն ու Մոսկվան պարզեցին իրենց հարաբերությունները «Իսկանդերի» սկանդալի շուրջ, ինչն, անշուշտ, որոշակիորեն ազատում էր Փաշինյանի ձեռքերը։

Հարթակային ընդդիմության վերջին օրերի ակտիվության հիմնական մոտիվը հենց ԶՈւ ԳՇ-ի ու քաղաքական իշխանության հակադրությունն էր ու բնական է, որ արմատականները փորձում են «տաք պահել» բանակի ու Փաշինյանի հակադրության թեզը՝ թերևս, ակնկալելով, որ կարող են հասնել էսկալացիայի զարգացմանը։ Սակայն դժվար է պատկերացնել մի սցենար, որ Հայաստանում իրապես տեղի ունենա ռազմական հեղաշրջում կամ նույնիսկ՝ բանակի ուղղակի միջամտություն քաղաքական գործընթացին։

Հարթակային ընդդիմությանը նոր մոտիվներ ու առիթներ են պետք, մանավանդ, քաղաքական դաշտի այդ սեգմենտը մերժում է նաև արտահերթ ընտրությունների օրակարգը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր