Տակտիկական նահա՞նջ, թե՞ նոր իրավիճակ

Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ «անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ»։ Հայտարարությունը ներկայացված է ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի ֆեյսբուքյան էջում:
«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով», – ասված է հայտարարության մեջ։
Այս հայտարարությունը հետևել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքային ելույթին, որի ընթացքում նա մի կողմից անխուսափելի համարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականը, մյուս կողմից՝ ըստ էության, հրապարակային երաշխիքներ տվեց, որ ԶՈւ մյուս հրամանատարներին պաշտոնանկություն չի սպառնում։
Փաշինյանի պահանջը Գասպարյանի պաշտոնանկության հարցում բավականին կատեգորիկ էր ու այդ համատեքստում շատ ավելի զուսպ և բազմասցենար զարգացում ենթադրող է ԳՇ հայտարարությունը։
Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ ԳՇ-ն ավելին չի անելու՝ վարչապետի հրաժարականի հայտնի հայտարարությունից հետո, այլ խոսքով՝ խոսքին չեն հաջորդելու գործողություններ, որոնք արդեն իրավմամբ կարող են համարվել ռազմական հեղաշրջման փաստ։
Արդյո՞ք ԳՇ հայտարարության զսպվածությունը նոր մարտավարության արդյունք է, թե՞ բարձագույն սպայակույտը սպասում է իրադարձությունների զարգացմանը, նախագահի համապատասխան հրամանագրին կամ ՍԴ որոշմանը ու լոյալ կարձագանքի դրանց, եթե նույնիսկ Արմեն Սարգսյանը կամ Բարձր դատարանը որոշումներ կայացնեն, որոնք ԳՇ պետի օգտին չեն։ Ի հեճուկս Բաղրամյան պողոտայում տիրող արմատական ընդդիմադիր տրամադրությունների, կարծես թե՝ հենց երկրորդ սցենարին է հակված ԳՇ երեկվա հայտարարությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր