Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական ավելի ծանրակշիռ էլիտա, քան ունեցել է առաջին գումարման Գերագույն խորհուրդը, Հայաստանում չի ձեւավորվել: Հայրենիքի, ազգային պետության, Արցախի ինքնության պահպանման համար այս իրոք ճակատագրական պահին Հայոց անկախ պետականության հիմնադիր Գերագույն խորհրդի պատգամավորի իրավունքով դիմում եմ պարոն Բաբկեն Արարքցյանին և խնդրում հնարավորինս սեղմ ժամկետում կառավարության նիստերի դահլիճում, որտեղ ընդունվել է ՀԽՍՀ-ն Հայաստանի Հանրապետություն վերանվանելու և անկախ պետականության վերականգնման գործընթացի սկիզբը նախանշող Հռչակագիրը, հրավիրել առաջին գումարման ՀՀ ԳԽ պատգամավորների համաժողով՝ օրակարգում ունենալով քաղաքական ճգնաժամը և այն հաղթահարելու քայլերի մասին հարցը: ԳԽ պատգամավոր են եղել Հայաստանի երեք նախկին նախագահները: Նրանք պետք է կոնսենսուսային Ծրագիր ներկայացնեն Հայաստանի քաղաքացիներին, Արցախի իշխանությանը, հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: ԳԽ բոլոր պատգամավորները, անկախ ներկա պահին որ ճամբարում են, պարտավոր են մի կողմ թողնել համակրությունները և հակակրանքները և վերադառնալ այն օրերի էներգետիկային, երբ դրվում էր Հայոց անկախ պետության հիմքը: Սերունդները մեզ չեն ների, եթե հանդուժենք Հայաստանի Հանրապետության մայրամուտը և Արցախի վերջնական կորուստը»։
Սերունդները մեզ չեն ների, եթե հանդուժենք Հայաստանի Հանրապետության մայրամուտը և Արցախի վերջնական կորուստը
