Site icon politcom

Եթե Փաշինյանը սպանում է պետական մտածողությունն, ապա «փրկիչները» սպանում են քաղաքականությունն՝ առհասարակ․․․

Աշխատել եմ հնարավորինս զուսպ ու բալանսավորված անդրադառնալ ԳՇ-ի ու նրա հայտարարության շուրջ ծավալվող զարգացումներին։
Խնդիրն այն չէ, որ քաղաքական դիրքորոշում չունեմ, ուղղակի չեմ ցանկացել ավելի լարել իրավիճակը, նպաստել կոմպրոմիսների հնարավորության փոշիացմանը։
Օնիկ Գասպարյանին ու շատ բարձրաստիճան զինվորականների անձամբ են ճանաչում, երբեք չեմ կասկածել նրանց հայրենասիրության, մասնագիտական և մարդկային որակների հարցում։ Բայց քաղաքականությունը բանակի, սպայի տեղը չէ, եթե նույնիսկ նրանք ունեն լեգիտիմ մտահոգություններ, որոնք կարող են արտահայտվել տարբեր ոչ հրապարակային հարթակներում, քննարկումներում։
Խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականները չեն, որովհետև եթե նա արդյունավետ կառավարում իրականացներ, չէին լինի ֆորս-մաժորային նման զարգացումներ, ռևանշիստական օրակարգը չէր թափանցի պետական համակարգ, բանակ։
Արդ, միանգամից փակեք էժան հակադարձումները, թե Նիկոլին եմ պաշտպանում, մանավանդ, նման մտադրություն չունեմ։ Բայց չեմ ուզում նաև, որ բանակը խուրդվի քաղաքական բազարներում։
Եթե որևէ իշխանության ղեկավարը լեգիտիմ իրավունք ունի՝ պահանջել Զինված ուժերի ինստիտուցիոնալ ենթակայություն կառավարությանը(դա Սահմանադրության պահանջն է), ապա որևէ ընդդիմադիր գործիչ, լիդեր իրավունք չունի բանակը դիրքավորել ներքաղաքական բարիկադների վրա։
Դա անթույլատրելի է, դա հակաքաղաքական է, դա հակապետական է՝ անկախ հրապարակավ հնչեցված մոտիվներից։
Վազգեն Մանուկյանն ասում է՝ ինչ էլ որոշեն տարբեր մարմինները, բանակը չի ենթարկվելու՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
Այս հայտարարության մեջ բանակին հարգելու ժե՞ստ եք տեսնում։ Իհարկե՝ ոչ, որովհետև Վազգեն Մանուկյանի «թեթև ձեռքով» բանակը, նրա ղեկավարությունը նույնացվում են «խռովարարների» խմբի հետ, որն ասոցացվում է կոնկրետ օրակարգ ունեցող, նախկինների ռևանշիզմը սնուցող հարթակի հետ։
Խնդիրը, կրկնեմ՝ Փաշինյանը չէ, որին հաճախ եմ քննադատում, որի հետ որևէ հույսեր չեմ կապում ու վաղուց չեմ կապել։ Խնդիրը՝ հարթակի ընդդիմության քաղաքական տկարությունն է, պետության և քաղաքականության մասին նրա պատկերացումը, հրանոթի միջոցով իշխանության գալու մոլուցքը։ Եթե Փաշինյանը սպանում է պետական մտածողությունն, ապա «փրկիչները» սպանում են քաղաքականությունն՝ առհասարակ․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version