Սարգսյանն ու Քոչարյանը՝ միմյանց, թե՞ Փաշինյանի դեմ

Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է․ լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:
«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը նայենք,   կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասել է Սարգսյանը:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, չի հերքում տարածված տեղեկությունները, որ իշխանությունները Օնիկ Գասպարյանի հետ կապված զարգացումներում օգտագործելու են իր անունը։ Իհարկե, Սարգսյանն իշխանությունների մտադրությունը համարում է «ներկայացում», սակայն այսօր նրա ռեպլիկի հանրայնացումն նախապատրաստված էր ու կարելի է ենթադրել, որ երրորդ նախագահը հակաքայլեր է ծրագրում։
Գասպարյանի գործում Սերժ Սարգսյանի, այսպես ասած, հետքի մասին առաջինն ակնարկել էր Փաշինյանը՝ հանրահավաքում պնդելով, թե երրորդ նախագահն է ԳՇ պետին «ընդվզելու» հրահանգ տվել, ապա Սարգսյանի փեսան՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն ակնարկել էր, որ իշխանությունները գաղտնալսել են Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցը։
Անկասկած, մոտ օրերս ականատեսն ենք դառնալու «կոմպրոմատային» պատերազմի նոր դրսևորումների, որի առանցքային ֆիգուրանտը լինելու է հենց Սերժ Սարգսյանը։
Այս ամենի համատեքստում ուշագրավ է քիչ առաջ տարածված տեղեկատվությունը՝ վաղը կայանալիք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մասին, որին հրավիրված են միայն ռուսաստանյան ԶԼՄ-ները։
Մակերեսային տպավորություն կարող է առաջանալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները հրապարակային ակտիվություն են ցուցաբերում և մեկտեղում են իրենց ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունն արագացնելու նպատակով։
Իհարկե, այս վարկածը կյանքի իրավունք ունի, մյուս կողմից՝ Քոչարյան-Սարգսյան հակասությունները երկար պատմություն ունեն ու նույնիսկ վերջին ամիսներին դրանք բազմաթիվ դրսևորումներ են ունեցել։ Ըստ այդմ, նախկին նախագահների զուգահեռ հրապարակային ակտիվությունը նրանց մրցակցության դրսևորում կարող է լինել, մանավանդ, որ երկուսն էլ փորձում են իրենց առաջնորդությունը կամ գերակայությունը հաստատել հին համակարգի սեգմենտների նկատմամբ։ Դրանով են պայմանավորված նաև բազմաշերտ հակասությունները «Հայրենիքի փրկության շարժման» ներսում։
Այս վարկածը պակաս արժանահավատ չէ ու միանգամայն լեգիտիմ է հնչում հարցը՝ Սարգսյանն Քոչարյանը՝ մինյա՞նց, թե՞ Փաշինյանի դեմ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր