Site icon politcom

Ո՞վ է Օնիկ Գասպարյանի անունը կապում հարթակային ընդդիմության հետ

Դժվար է հիշել նման համապարփակ քաղաքական ճգնաժամ, որի ընթացքում անգամ իրավական ակտերը, օրենքները յուրովի են մեկնաբանվում տարբեր իրավաբանների կողմից, տրվում են հակասական գնահատականներ։ Մասնագետների մի մասը պնդում է, որ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից, մյուսներն առարկում են դրան՝ նշելով այլ ժամկետներ կամ արվում են պնդումներ, որ ԳՇ պետը պաշտոնից ազատվել չի կարող՝ առհասարակ։
Մի կողմից լուրեր են ստացվում, թե իշխանությունը մտադիր է քրգործ հարուցել Գասպարյանի դեմ, մյուս կողմից՝ ԳՇ-ն հայտարարում է, որ «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։
Մեզ հաճախ մեղադրում են, թե ինչո՞ւ ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ու մյուսների հայտարարությունը կապում հարթակային ընդդիմության կամ «նախկինների» հետ։
Մենք չենք կապում, մենք ընդամենն արձանագրում ենք փաստերը, իսկ դրանից յուրաքանչյուր ողջամիտ մարդ կարող է կատարել իր հետևությունները։
Նախ, հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե Օնիկ Գասպարյանը կատարել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը, ապա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկություն տարածեց, որ գաղտնալսվել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան զրույցը և առաջիկա օրերին իշխանությունը կհրապարակի այն, ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:
Ավելին, իրավիճակին ավելի մեծ ինտրիգ հաղորդեց հենց Սերժ Սարգսյանի գրասենյակը․ «Լրատվամիջոցներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի»:
Հիմա մե՞նք ենք ԳՇ շուրջ իրադարձությունները կապում «նախկինների» հետ, թե՞ իշխանություններն ու հենց «նախկինները»։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ։
Իսկ առայժմ կանխատեսումներ չանենք ու սպասենք հերթական լարված օրվա զարգացումներին։ Այսօր ժամը 16-ին ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում հերթական հանրահավաքն է անցկացնելու, իսկ ոստիկանությունը բարձրաձայնել է դրա ընթացքում սպասվող սադրանքների մասին։ 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version