Site icon politcom

Իշխանության փակուղին

«Արտահերթ ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց», – երեկ Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը ընդունի իր առաջարկը, ժամկետները կհամաձայնեցվեն․ «Եվ կառավարությունը, իհարկե նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում։ Եվ ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին։ Եվ ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»։
Զուտ հայտարարությունների մակարդակում ամեն բան կարգին է, սակայն գործնականում հենց իշխող քաղաքական թիմն է հակադրվում իր օրակարգին։
Հանրային համերաշխություն դժվար է պատկերացնել մի երկրում, որտեղ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի և դիպուկահարների բացահայտ ցուցադրություն է տեղի ունենում, ընդ որում՝ այն ժամանակ, երբ վարչապետն ամբիոնից խոսում է հանրային համերաշխության մասին։ Կամ՝ արդյո՞ք հանրային համերաշխությանը նպաստում է այն հանգամանքը, որ հարթակային ընդդիմության նոմինալ լիդերին մեղադրանք է առաջադրվում մի հոդվածով, որն ամենախոցելիներից մեկն է համարվում Քրեական օրենսգրքում։
Մյուս կողմից, մի փոքր տարակուսելի է, երբ Փաշինյանը հանրային համերաշխության հիմքում դնում է խորհրդարանական ընդդիմության հետ պայմանավորվելու անհրաժեշտությունը։ Ենթադրենք՝ Էդմոն Մարուքյանը հրաժարվում է արտահերթ ընտրությունների մասին հուշագիր ստորագրել, որովհետև պնդում է, թե չի կատարվել ԳՇ պետի վերաբերյալ իր նախապայմանը, իսկ ԲՀԿ-ն տուրք է տալիս «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգին։ Այդ դեպքում դարձյա՞լ արտահերթ ընտրությունները դուրս են գալու օրակարգից։
Միթե՞ իշխանությունը չի գիտակցում, որ իր խնդիրը ոչ թե ընդդիմության հետ է, որը գուցե նույնպես հանրության աչքերում կորցրել է հեղինակությունը, այլ՝ ժողովրդի, որի ընկալումներում հեղափոխության թիմը կորցրել է վարկանիշը, լեգիտիմությունը։
Սա ակնհայտ է ու այս փաստն անտեսելը բերելու է նոր ճգնաժամերի։ Օրինակ, չէր լինի ԳՇ-ի հետ կապված ճգնաժամը, եթե մոտ մեկ ամիս առաջ «Իմ քայլն» օրակարգից չհաներ արտահերթ ընտրությունների հարցը։
Եթե այսօր իշխանությունը կրկին հապաղի, հետևանքները, ճգնաժամն ավելի խորքային և ինստիտուցիոնալ կլինեն՝ գրեթե անհնար դարձնելով քաղաքական լուծումները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version