«Չփոխված» Քոչարյանը հաջողության շանս չունի

Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ սիրում է շփվել ռուսական ԶԼՄ-ների հետ՝ ռուսերենով։ Սա, թերևս, բացահայտում է նրա արժեհամակարգի կարևոր բաղադրիչներից մեկը՝ Քոչարյանը համարում է, որ Հայաստանի ղեկավարի հարցը որոշվում է Մոսկվայում ու առանձնապես ասելիք չունի Հայաստանի հասարակությանը, որն՝ իր մեծամասնությամբ, շարունակում է մերժել երկրորդ նախագահին։
Այսօրվա ասուլիսը բացահայտեց, որ անցած տարիները չեն փոխել նաև Քոչարյանի մտածողությունը։
Օրինակ, Քոչարյանը մտադիր է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, սակայն կուսակցություն ստեղծել չի պատրաստվում։ Սա նույն ապաքաղաքական մոտեցումն է, որը 1998-ին արտահայտվում էր նրա «Իմ կուսակցությունը ժողովուրդն» է պրիմիտիվ, պոպուլիստական կարգախոսում։
«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ»,-ասել է Քոչարյանը:
Երկրորդ նախագահի քաղաքական կենսագրության արցախյան հատվածին անդրադառնալ չեմ ուզում՝ շահարկումներից խուսափելու նպատակով, բայց Հայաստանում նրա նախագահական երկու «հաղթանակները» եղել են Հայաստանի ժողովրդավարության պարտությունը։
Երևի Քոչարյանի ու նրա կողմնակիցների համար ծանր է լսելը, սակայն 1998 և 2003թթ-ի նախագահական ընտրություններում նա իրականում պարտվել է հայր և որդի Դեմիրճյաններին, սակայն պաշտոնը ստանձնել կամ պահպանել է ռեպրեսիաների, կեղծիքների միջոցով։ Սա աքսիոմ է, որի մասին գիտի ամբողջ Հայաստանը։
Եթե անցած տարիների ընթացքում Քոչարյանը չի համակերպվել անգամ այս հանրային ընկալման հետ ու դարձյալ խոսում է իր տարած «հաղթանակների» մասին, ապա նա այսօր հաջողության հասնելու նվազագույն շանսեր ունի։ Իհարկե, ես խոսում եմ՝ հասարակության քվեի միջոցով հաջողության հասնելու մասին։
Թերևս, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ոգևորությամբ խոսել է իր «հաջողության մեխանիկայի» մասին։
Նա այսօր ասել է, որ հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում: Քոչարյանը ենթադրում է, որ գեներալները չեն ցանկանում, որ իրենց անգամ աննշան գործողությունը ընկալվի որպես ռազմական հեղաշրջման փորձ:
Քոչարյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ չպետք է վախենալ «ռազմական հեղաշրջում» արտահայտությունից:
Ու սա ասում է մի մարդ, ով տասը տարի երկիր է ղեկավարել։ Եթե նման արժեհամակարգով է Քոչարյանը հավակնում վարչապետության, ապա հետևանքները փաստացի նույնն են լինելու, ինչ նրա նախագահության տասնամյակում։
Մյուս կողմից, Քոչարյանին չեմ մեղադրում, որովհետև 1998-ին նա իշխանության է եկել հենց պալատական հեղաշրջման ճանապարհով ու թերևս քաղաքական պայքարի այլ գործիք չի էլ ճանաչում։
Մի խոսքով՝ Քոչարյանը չի փոխվել, իսկ այս պարագայում դժվար է պատկերացնել, որ փոխվելու են նրա անձի մասին հանրային պատկերացումները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր