Ինչի՞ վրա է հույսը դրել ընդդիմությունը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից հետո ԳՇ պետի պաշտոնանկության շուրջ իրավական բանավեճը նոր թափ է առել։
Մասնագիտական այդ հանրույթի մի մասը պնդում է, որ Օնիկ Գասպարյանն այլևս ազատված է պաշտոնից, մյուսներն ասում են, որ գեներալը պաշտոնավարելու է մինչև մարտի 8-ը, նույնիսկ կարծիքներ են հնչում, որ ԳՇ պետն աշխատանքից ազատվել չի կարող։
Սակայն իրավական այս դիսկուրսը գոնե մինչև այս պահը չի նպաստել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Նիկոլ Փաշինյանի թիմի համար Օնիկ Գասպարյանն այլևս Գլխավոր շտաբի պետ չէ, հարթակային ընդդիմությունը հույսեր է կապում առկա ճգնաժամի երկարաձգման հետ՝ ժամանակ շահելու ակնկալիքով։
Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարել է, որ ճգնաժամը մինչև մարտի 8-ը հաղթահարված համարել չի կարելի, որովհետև այդ օրերին Օնիկ Գասպարյանը պահպանելու է իր պաշտոնը։
Ի՞նչն է «Հայրենիքի փրկության շարժման» ակնկալիքը՝ դժվար է ասել։
Արդյո՞ք մեր ընդդիմադիրները հույս ունեն, որ իրենց քաղաքական անգործության վակուումը պետք է լրացնի ԳՇ-ն՝ մինչև մարտի 8-ը Երևանի փողոցները լցնելով զորքերով։
Նման սցենարը գործնական առումով գրեթե բացառելի է, որովհետև ոչ մի գեներալ իր վրա չի վերցնի ռազմական հեղաշրջման պատասխանատվությունը ու բացի այդ՝ Հայաստանում պետք է բացառել զինվորականության միջոցով քաղաքական խնդիր լուծելու արատավոր երևույթը։
Թե՞ գործող ընդդիմությունը սպասում է ոչ թե ԳՇ-ին, այլ՝ Օնիկ Գասպարյանի առաջնորդությանը, այս անգամ՝ հանրահավաքի հարթակում։ Նման տեսակետներ շարժման ներկայացուցիչներից ոմանք արդեն հնչեցրել են։
Դարձյալ չաշխատող տարբերակ է, որովհետև Հայաստանում օբյեկտիվորեն չի կարող աշխատել «Դը Գոլի» ֆենոմենը, այն էլ՝ վերջին պատերազմում պարտությունից հետո։
Մեծ հաշվով, զարմանալ կարելի է, որ ընդդիմությունը քաղաքական բովանդակություն, օրակարգ ստեղծելու փոխարեն՝ հույսը դրել է մի դեպքում Ռուսաստանի, մյուս դեպքում՝ զինվորականների վրա։ Ոչ մի գործոն չի կարող նպաստել ընդդիմության հաղթանակին, եթե հարթակը չունի քաղաքական բովանդակություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր