Site icon politcom

«Քոչարյանն այլ ձև չգիտի իշխանության գալու, քան հեղաշրջումը»․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյացը 

Civic.am

-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկրում ճգնաժամը հաղթահարելու միակ ինստիտուցիոնալ և լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են։

Երկրում, ըստ Սուրեն Սուրենյանցի, այնպիսի իրավիճակ է, որ ընտրությունները կեղծելը գրեթե անհնար է, որովհետև կան բազմաթիվ բևեռներ, որոնք կարող են վերահսկել ընտրությունների գործընթացը։ Սուրենյանցի կարծիքով՝ ընտրությունները անցկացնելու ամենառացիոնալ ժամանակահատվածը այս տարվա աշունն է, քանի որ հիմա ուժերից ոչ մեկը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։

Նա հնարավոր է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին, կմասնակցի դրանց՝ 16 ուժերի ինչ-որ բեկորների հետ դաշինք ձևավորելով։

«Հայրենիքի փրկության շարժումը», ըստ Սուրենյանցի, սկզբից հույսը դրել էր, որ իշխանության կգա ռուսական «դաբռոյով», ինչը չստացվեց, հիմա էլ նրանց հույսը Գլխավոր շտաբի և իշխանության մեջ եղած հակասությունն է։ 

Մեկնաբանելով Քոչարյանի այն խոսքը, որ ռազմական հեղաշրջումը այնքան էլ վախենալու բան չէ, և կան երկրներ, որտեղ հաջողվել է ռազմական հեղաշրջմամբ իշխանություն ձևավորել և զարգանալ, Սուրեն Սուրենյանցն ասաց, թե Քոչարյանը այլ ձև չգիտի իշխանության գալու, քան ռազմական հեղաշրջումը՝ մատնանշելով Քոչարյանի՝ 1998-ին պալատական հեղաշրջմամբ իշխանության գալու, ապա ընտրակեղծիքներով և բազմաթիվ մարդկանց կալանավորելու միջոցով վերարտադրվելու և 2008-ին մարտի 1-ի ճանապարհով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու դեպքերը։

Սուրենյանցը ուղիղ կապ է տեսնում նոյեմբերի 9-ի՝ իր բնորոշմամբ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման և հոկտեմբերի 27-ի միջև։ «Այսօրվա վիճակից խոսողները թող հիշեն՝ ինչպե՞ս ճանապարհ բացվեց նոյեմբերի 9-ի համար։ Երբ հոկտեմբերի 27-ին պետականության ողնաշարը կոտրվում էր, ի՞նչ եք կարծում դրանից հետո, մենք կարո՞ղ էինք այդպիսի ընթացքով այնպիսի պետություն զարգացնել, որ հետո կարողանայինք խուսափել նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից», – ասաց Սուրենյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version