Ռուսաստանի «մեծ բարեկամը» պետք է սպասի, Փաշինյանը դեռ պետք է Մոսկվային

Երեկվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին՝ Արցախում պատերազմի օրերին, պատրաստվում էր Մոսկվա մեկնել, որպեսզի հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն այդ ուղևորությունը չի կայացել COVID-19-ի իր թեստի դրական պատասխանի պատճառով:
Քոչարյանը նշել է, որ տարակուսանքով է վերաբերվում այդ թեստի արդյունքներին։
«Ես կասկածներ ունեմ, որ հիվանդ չէի կորոնավիրուսով։ Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի այդ այցը չկայանա»,- ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի պնդումների արժանահավատությանն անդրադառնալ չենք կարող, նկատենք միայն, որ երեկ այս և այլ հայտարարություններով Քոչարյանը փորձել է ցույց տալ իր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության, մասնավորապես՝ Պուտինի հետ։
Ի դեպ, այս առիթով ուշագրավ էր նաև ասուլիսի ձևաչափը, որին մասնակցում էին ռուսաստանյան բոլոր առաջատար ԶԼՄ-ներն, ընդ որում՝ ապահովելով օնլայն հեռարձակում։
Այս ամենը, բնականաբար, հիմք է տալու, որպեսզի Քոչարյանի թիմն առաջիկա օրերին քարոզչական հարթության վրա գեներացնի այն թեզը, թե հենց երկրորդ նախագահն է Մոսկվայի նախընտրելի թեկնածուն առաջիկա ընտրություններում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ և միևնույն ժամանակ անհեթեթ որակել պնդումներն առ այն, որ վերջինս իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին մասնակցելու ցանկության առնչությամբ։
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցներն իրենց որոշումները ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու կարիք չունեն: Սա հարցի բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի օգուտի (շահերի) հաստատակամ, ինչպես նաև հետագայում ևս ՌԴ-ի հետ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու կողմնակից է։ Նա մի մարդ է, որը մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման գործում, և, ընդհանուր առմամբ, ուրախ ենք նշել, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակից են: Մեզ համար սա է գլխավորը»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` ՀՀ ներքաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:
Ռուս պաշտոնյան հստակեցրել է, որ այս քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում, որը նույնպես շատ արժեքավոր է», – եզրափակել է Պեսկովը:
Թվում է՝ Պեսկովը միայն հաստատել է Քոչարյանի հանդեպ Մոսկվայում գերիշխող հատուկ ջերմ վերաբերմունքը՝ նրան անվանելով «Ռուսաստանի մեծ բարեկամ»։
Սակայն ավելի արժանահավատ է թվում այլ վարկած։
Ռուսաստանի նախագահն անմիջապես արձագանքեց Քոչարյանի ասուլիսին գուցե այլ նպատակով՝ ցույց տալու համար, որ Մոսկվան իրեն սահմանազատում է Հայաստանի երկրորդ նախագահի վարչապետական հավակնություններից, մանավանդ, որ նա երեկվա ասուլիսում գրեթե բացահայտ խրախուսում էր ռազմական հեղաշրջումը։
Մոսկվայում նրբանկատորեն ակնարկում են Պուտինի ու Փաշինյանի «շատ ակտիվ երկխոսության» մասին՝ հասկացնելով, որ Հայաստանի գործող վարչապետը դեռ պետք է Պուտինին, այլ խոսքով՝ Մոսկվան նրան փոխարինելու մտադրություն գոնե առայժմ չունի։
Իսկ «Ռուսաստանի մեծ բարեկամի» համար, ըստ ամենայնի, առաջիկայում կնախատեսվի տիտղոսային ընդդիմության դերը, ինչը Մոսկվային թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել Հայաստանի քաղաքական համակարգը, նաև՝ իշխանության վարքագիծը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր