Շարժման ոգին՝ Վազգեն Սարգսյանը

Երասխի մարտից հետո Վազգեն Սարգսյանն անվիճելի հեղինակություն դարձավ ինքնապաշտպանական ջոկատների համար` դառնալով նրանց ընդհանուր հրամանատարն ու ոգեշնչողը: Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանին համարում էր շարժման ասպետ, իրեն` Վազգենին, առանց վարանելու կարելի է համարել շարժման ոգին: Բոլորն են հիշում Վազգեն Սարգսյանի բոցավառ մի քանի ելույթներն Ազատության հրապարակում և խորհրդարանում, սակայն Սպարապետ պատվանունը ստացած գործիչն ավելի շատ գործի մարդ էր` հրամանատարի ջիղով, առաջնագծում: 1989 և 1990 թվականներին Սարգսյանը դարձավ հայկական կամավորական ջոկատների հրամանատարը Երասխի մոտ:
Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են «Երկրապահ» կամավորականների ջոկատները: 26 ջոկատից բաղկացած 2.300 անձնակազմով այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր, որը գործում էր Մոսկվայից անկախ և դարձավ ազգային բանակի հիմքը ու ֆորմալիզացվեց պատերազմի ավարտից հետո` վերածվելով Երկրապահ կամավորականների միության: Քանի որ Վազգեն Սարգսյանը մեծ համբավ ուներ հայ կամավորական ջոկատներում և բանակի սպայական կազմում, նշանակվեց անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար 1991 թվականի դեկտեմբերին: 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը:
Արցախում ռազմական գործողությունների աճի հետ 1992 թվականի մարտին Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30000 զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը: 1992 թվականի մայիսի 9-ին գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը Արցախում` Շուշիի ազատագրմամբ: Այդ պատմական ու շրջադարձային հաղթանակից օրեր անց Հայաստանի խորհրդարանը երկար ու բուռն ծափահարություններով դիմավորեց Վազգեն Սարգսյանին: 1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար, երբ Ադրբեջանը ձեռնարկեց Գորանբոյ գործողությունը, ինչի հետևանքով օկուպացվեց Արցախի հյուսիսային հատվածը: 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանը հանդես եկավ Մահապարտների հայտնի կոչով:
Նա հեռուստատեսային իր ելույթում ասաց. «Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։ Շնորհակալ եմ»։Վազգեն Սարգսյանն ու մահապարտները հաղթեցին` վերջնականապես բեկելով ղարաբաղյան պատերազմի ընթացքը:
…Վազգեն Սարգսյանը թշնամու ահ ու սարսափն էր, նա հերոսացավ արցախյան պատերազմում, սակայն դավադիր գնդակից զոհվեց Հայաստանի խորհրդարանում: 88-ի շարժման ոգին մեռավ, կտրվեց Երրորդ հանրապետության վերջին թելը…

Խմբագրության կողմից- Հեղինակի այս հոդվածը հրապարակվել է 2018թ-ի հունվարի 4-ին և տեղ է գտել նրա «1988-ի Շարժման 30-ամյակը» գրքում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր