Site icon politcom

Heritage Foundation․ Հայաստանը բարելավել է դիրքերը

 

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում։

Առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է։

Նախորդ տարվա ինդեքում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։

Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։

Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են, ըստ համաթվի, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version