Site icon politcom

«Մյանմայի» կամ սահմանադրականության երկընտրանքը

Ռազմական հեղաշրջումից անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի, Մյանմայում արդեն հինգ տասնյակից ավելի քան մարդ է զոհվել:
Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականներն իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, ձերբակալեցին երկրի այժմ նախկին ղեկավարներին և հայտարարեցին արտակարգ դրություն: Գեներալները դա բացատրում են անցած տարվա ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով և խոստանում մեկ տարի անց կազմակերպել նոր ընտրություններ: Եթե նույնիսկ գեներալների մոտիվացիան անկեղծ է, հասարակությունն ընդվզել է ու չի ընդունում ռազմական դիկտատուրան։
Մյանման Հայաստանից բավականին հեռու է, բայց այս երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են մեզ համար։ Առնվազն այն պատճառով, որ Հայաստանի, այսպես ասած, հարթակային ընդդիմությունը՝ իր ֆորմալ և ոչ ֆորմալ առաջնորդներով, հիմա գեներացնում է ռազմական հեղաշրջման թեման՝ խաղադրույք կատարելով կառավարության և ԳՇ-ի հակասությունների վրա։
Իմ պատկերացրած ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է զբաղված լիներ քաղաքական լուծումներ առաջարկելով, առնվազն՝ պետք է հասներ արտահերթ ընտրությունների գաղափարի քաղաքական կապիտալիզացիային՝ շեշտը դնելով ինստիտուցիոնալ լուծումների վրա։
Ոչ ոք չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավն է և պետք է մնա։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում փոփոխությունների և որակապես նոր իշխանության ձևավորման օրակարգ են առաջ քաշում, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ընտրությունների ճանապարհով։ Բարեբախտաբար, հիմա, կարծես, արտահերթ ընտրությունների գործընթացը զրոյական կետից առաջ է գնացել՝ քաղաքական կոնսուլտացիաների մեկնարկով։
Բայց ընդդիմադիր հայտնի սեգմենտը՝ երկրորդ և երրորդ նախագահների «քավորությամբ», այսօր էլ հերթական հանրահավաքն է անցկացնում՝ «Մյանմայի սցենարի» փափագով։
Պատերազմն ու կապիտուլյացիան էապես սահմանափակեցին Հայաստանի ինքնիշխանթյունը, ռազմական հեղաշրջումը, իրավիճակի հանգուցալուծման ուժային մեթոդները կհանգեցնեն պետականության կատարյալ կոլապսի։
Քաղաքական փոփոխություններն անխուսափելի են, որակապես նոր իշխանության ձևավորումը՝ պարտադիր, սակայն ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական լեգալ միջոցներով։ Այլընտրանք չկա։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version