Site icon politcom

Կոնսենսուսը գրեթե կայացել է․ արտահերթ ընտրություններն անխուսափելի են

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունն՝ իր նախնական տեսքով, ինչպես և կանխատեսվում էր, չկայացավ։ Շաբաթ օրը մի սեղանի շուրջ չկարողացան նստել Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական խմբակցությունների ու «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները։ Մի կողմից, իշխանությունը երկարաձգելու թուլությունը, մյուս կողմից՝ ռևանշիստական օրակարգը, թույլ չեն տալիս գտնել ռացիոնալ լուծումներ։
Սակայն փակուղային իրավիճակի հաղթահարման լույսը երևում է։
Կոլեկտիվ հանդիպման փոխարեն՝ Սարգսյանն առանձին-առանձին հանդիպեց Փաշինյանին, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին ու երեք հանդիպումներում կարևորվեց արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։
ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում ավելի մոտ է խորհրդարանական կուսակցությունների, քան «փրկիչների» տեսակետին։ Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա` ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն:
Ինչպես տեսնում ենք՝ Ծառուկյանն որևէ խոսք չի ասում Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ անցումային կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին, այլ խոսքով՝ անելիքից, առաքելությունից զրկում է «Հայրենիքի փրկության շարժմանը»։
Արձանագրենք այսպիսով՝ երկրի նախագահը, վարչապետը, խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները կարևորում են արտահերթ ընտրությունների անցկացումը, մնում է՝ համատեղ կամ առանձին հանդիպումներով հստակեցնել ընտրությունների օրը, դրան նախորդող օրենսդրական փոփոխությունների ժամանակացույցը։ Կարծում ենք՝ այս շաբաթ այդ գործընթացը տեղի կունենա՝ մարգինալացնելով արտասահմանադրական լուծումների ջատագովներին ու նրանց օրակարգը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version