Իշխանության ադեկվատության դեֆիցիտը

ԱԺ գլխադասային հանձնաժողովն այսօր մերժեց ռազմական դրությունը հանելու «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների երրորդ առաջարկը։
Իշխանության այս վարքագիծն առնվազն տարակուսելի է՝ հատկապես ներքաղաքական զարգացումների համատեքստում։ Ներքաղաքական բաղադրիչն ենք շեշտում, որովհետև պատերազմական գործողություններ վաղուց չկան ու հազիվ թե որևէ մեկը լուրջ ընդունի իշխանության այն փաստարկը, թե ռազմական դրության երկարաձգումը տեղի է ունենում անվտանգության նկատառումներով։
Ներքաղաքական համատեքստի առումով իշխանության պահվածքը, մեղմ ասած, համարժեք չէ։
Եթե առաջնորդվենք բանականության կանխավարկածով, ապա ընդդիմությունն ԱԺ-ում չի կարող անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, համենայն դեպս՝ իշխանության ֆրակցիայում 80-ից ավելի պատգամավորների առկայությունը հնարավոր չի դարձնում այս սցենարը։ Ռազմական դրությունն ընդդիմությանը կաշկանդում է միայն այս հարցում և ամենևին էլ չի խանգարում փակ պահել, օրինակ, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները։
Ահա, այս իրավիճակում, երբ «Իմ քայլը» հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, ակամայից բացահայտում է իշխանության թուլությունը և շահարկման առիթ է տալիս ընդդիմությանը։
Մյուս կողմից, իշխանությունը նախաձեռնել է արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցություններ ու վերանում է Փաշինյանին անվստահություն հայտնելու, այսպես ասած, ալիբին, մանավանդ, որ խորհրդարանում ներկայացված երկու կուսակցություններն այս օրակարգին կողմ են։
Կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ կառավարությունը մարտի 11-ի նիստում ընդունեց ֆինանսների նախարարության առաջարկը, ըստ որի՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից:
Արդյո՞ք կառավարության համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունն այլևս գերակա արժեք չեն, թե՞ չի արժևորվում ՄԻՊ-ի անուրանալի աշխատանքը պատերազմի օրերին ու դրանից հետո։
Պատահակա՞ն է թիրախավորվում ՄԻՊ-ը, թե՞ կառավարությունը մտահոգված է Օմբուդսմենի բարձրացող հեղինակությամբ ու նրա անձի մեջ նույնպես քաղաքական մրցակից է տեսնում։
Այս հարցերը, թերևս, տեղին չլինեին, եթե գործ չունենայինք իշխանության ոչ ադեկվատ վարքագծի հետ։ Ընդ որում, ադեկվատության դեֆիցիտն արտահայտվում է գրեթե բոլոր հարցերում և բազմաթիվ դրվագներում։ Ըստ այդմ, հնչեցված հարցերը միանգամայն լեգիտիմ են, եթե նույնիսկ կառավարությունը փորձում է դրանք «սվաղել» ստանդարտ պատասխաններով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր