Site icon politcom

«Բոլորի դեմ եմ»-ն՝ առաջին տեղում

Միջազգային հանրապետական ինստիտուտն անցած շաբաթավերջին հրապարակել է սոցհարցման թարմ տվյալներ, որում ներառված են նաև քաղաքական ուժերի վարկանիշերը։ Մինչ իշխանության ներկայացուցիչներն ուրախությամբ նշում են, որ իրենց քաղաքական ուժն առաջին տեղում է՝ չնայած վարկանիշի էական անկմանն, իսկ ընդդիմության առաջնորդները կասկածի տակ են դնում տվյալների արժանահավատությունը, շատ ավելի կարևոր է հարցման հիմնական ուղերձը, որը կարծում եմ՝ չի վիճարկվում որևէ մեկի կողմից։

Հարցվածների 42 տոկոսը ասել է, որ ոչ մի ուժի օգտին չի ուզում քվեարկել։ «Բոլորի դեմ եմ»-ն առաջին տեղում է ու սա է, թերևս, այս հարցման հիմնական ուղերձը։ Խիստ մտահոգիչ ուղերձը, որը խոսում է այն մասին, որ մեր ամբողջ քաղաքական համակարգը՝ իշխանության և ընդդիմության սեգմենտներով, ներկաներով ու նախկիններով, կոլապսի մեջ է։

Իշխանության «վարդագույն» ծրագրերը կամ փողոցի ընդդիմության ռևանշիստական օրակարգն, ըստ էության, որևէ կերպ չեն արտացոլում հանրային տրամադրությունները։

Արտահերթ ընտրություններն ոչինչ չեն տալու, եթե ընդամենն ամրագրելու են այսօրվա փակուղային ստատուս-քվոն՝ լուսանցք մղելով ոչ թե լուզեր քաղաքական ուժերին, այլ՝ հասարակությանը։

Ուրեմն, առաջնահերթ խնդիր է, որպեսզի արտահերթ ընտրություններում շեշտված լինի քաղաքական, բովանդակային բաղադրիչը, որը կարող են անել միայն նոր ուժերը, «սև-սպիտակի», «նախկին-ներկայի» արհեստական լաբիրինթոսից դուրս գործող կուսակցություններն ու գործիչները։ Նրանք են լինելու գալիք ընտրության քաղաքական, գաղափարական հատկանիշը, եթե, իհարկե, որակապես նոր քաղաքական համակարգ, գործունակ իշխանություն, ռացիոնալ ընդդիմություն ձևավորելու օրակարգ ունենք։

Հապաղել այլևս չի կարելի, քաղաքական նոր ասելիքը, խոսքը պետք է ձևակերպվի ընտրություններից առաջ, որպեսզի ճակատագրական օրն հասարակությունն ընտրելու հնարավորություն ունենա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version