Մանուկյանն ընտրել է քաղաքական ինքնաոչնչացման ճանապարհը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որի ամփոփ ձևակերպումը տրված է դրա վերջնամասում․ «Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը»:
Եթե Վազգեն Մանուկյանը չլիներ փորձառու քաղաքական գործիչ, կարելի էր կարծել, թե այս տողերի հեղինակը անփորձ, նաև արկածախնդիր մի առաջնորդ է, որն ունի մտասևեռում և խտրականություն չի դնում միջոցների միջև։
Դժվար է այլ կերպ բացատրել Մանուկյանի վարքագիծը։
Իշխանության կամ նրա առաջին դեմքի հրաժարականին կարելի է հասնել մի քանի սահմանադրական ճանապարհով։
Առաջինը հրաժարականն է։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական չտվեց՝ համարելով, որ իշխանության քաղաքական ճգնաժամը պետք է հանգուցալուծի հասարակությունն՝ իր քվեով։ Ի դեպ, Փաշինյանն իր այդ թեզը կրկնում է նաև այսօր՝ արտահերթ ընտրությունների հարցով անցկացնելով քննարկումներ խորհրդարանական ընդդիմության հետ։
Իհարկե, իշխանությանը հրաժարական կարող է պարտադրվել նաև խորհրդարանի կողմից, սակայն բոլորս տեսանք, որ անցած չորս ամիսներին ընդամենը 5 պատգամավոր հեռացավ «Իմ քայլը» խմբակցությունից, այլ խոսքով՝ փողոցի էներգետիկան էապես չազդեց խորհրդարանական խճանկարի վրա։
Չաշխատեց նաև հեղափոխության օրակարգը։
Վազգեն Մանուկյանն ու նրա բազմաշերտ դաշինքը փողոցում կոնսոլիդացրեց ամենաշատը 15 հազար մարդու։ Սա ամենևին էլ հեղափոխական զանգված չէ, մանավանդ, որ դեռ հայտնի չէ՝ ում ավելի շատ չի վստահում հասարակությունը՝ գործող իշխանությա՞նը, թե՞ նախկինների հետ ասոցացվող «փրկիչներին»։
Մնում է իշխանության փոխելու մեկ սահմանադրական միջոց՝ արտահերթ ընտրությունները, որոնք էլ Մանուկյանի կողմից, ըստ էության, մերժվում են՝ անկախ մոտիվներից։
Ասենք, ի՞նչ տրամաբանությամբ պետք է իշխանությանը հեռացնել մինչև նախընտրական փուլը, երբ ընտրությունները հենց միջոց են, որոնց միջոցով կարելի է հեռացնել կառավարությունը և ձևավորել նորը։ Կամ՝ ի՞նչ միջոցով է Մանուկյանը պատրաստվում հեռացնել իշխանությանը, եթե հեղափոխություն անել չի ստացվել, իսկ ընտրությունն իշխանություն փոխելու կամ ձևավորելու միակ լեգիտիմ միջոցն է։
Ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է Վազգեն Մանուկյանն ապակայունացնում ներքաղաքական իրավիճակը, երբ արտահերթ ընտրությունների անցկացման կոնսենսուսը գրեթե կայացած է ու դրան մասնակից են ԱԺ բոլոր խմբակցությունները։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Մանուկյանին հունից հանել են հենց հաջող կոնսուլտացիաները կամ այն հանգամանքը, որ արտահերթ ընտրությունների օրակարգը պաշտպանվել է նաև «Հայրենիքի փրկության շարժման» անդամ ԲՀԿ-ի կողմից։
Որն էլ լինի Վազգեն Մանուկյանի իրական մոտիվը, նա ընտրել է քաղաքական ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհը։

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր