Site icon politcom

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «բացառիկ դերը»

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես և անկեղծորեն հանդես են եկել խաղաղության ուղերձով։ Լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք գիտենք խաղաղության և անվտանգության արժեքը։ Հայաստանը ղարաբաղյան  հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Այսօր նույնպես մենք ամբողջովին գիտակցում ենք այն հնարավորությունները, որ խաղաղությունը և իրական հաշտեցումը կարող են բերել մեր տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»:
Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է պատերազմին ու դրա հետևանքներին՝ նշելով, թե Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկի Եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր:
«Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները:
Ավելին, անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
Թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։ Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարի  հայտարարության մեջ:
Տարածաշրջանային իրավիճակը մեր ուշադրության կենտրոնում է․ համատեղ ասուլիսում  հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդենը։
«Աներկբա է, որ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո: Ես ողջունում եմ հրադադարը»,- ասել է նա` իր ափսոսանքը հայտնելով պատերազմում զոհվածների և վիրավորների վերաբերյալ:
Նրա խոսքով` hրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտա առաջ գնալու հակամարտության գործընթացում:
«Ես ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում։ Մի քանի հարց դեռևս կարոտ է լուծման։ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը՝ որպես մեկ ամբողջություն, կարևոր դեր ունեն խաղաղության ստեղծման և առաջ գնալու գործում:  Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորելը միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքը», – ասել է նա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version