Site icon politcom

Տեղ չհասած ուղերձներ․ ինչո՞ւ է մտահոգ Տեր- Պետրոսյանը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն եզակի գործիչներից մեկն է, որի խոսքը քաղաքական արժեք ունի, ըստ այդմ՝ սպասված է անգամ նրա ընդդիմախոսների կողմից։
Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը, որը մեծ աղմուկ հանեց քաղաքական շրջանակներում, բացառություն չէր, մանավանդ, որ առաջին նախագահի երեկվա խոսքը միանշանակ չի ընդունվել քաղաքական սեգմենտների կողմից՝ արժանանալով նրանցից յուրաքանչյուրի հատվածական գնահատականին։
«Հայրենիքի փրկության շարժման» գործիչները հիմնականում անտեսում են հայտարարության այն հատվածը, որտեղ իրենց ձևաչափը համարվում է «սպառված»՝ կենտրոնանալով Տեր-Պետրոսյանի այն պնդումների վրա, որոնք կասկածի տակ են առնում Նիկոլ Փաշինյանի կողմից օրինական ընտրությունների կազմակերպման հնարավորությունը։ Մյուս կողմում ավելի «հոգեհարազատ» են համարվում Տեր-Պետրոսյանի պնդումները ՀՓՇ-ի մասին ու սվիններով են ընդունում Փաշինյանի թիմին տրված գնահատականները։
Տեր-Պետրոսյանի հայտարարությունն, անշուշտ, վիճահարույց է, սակայն այն պետք է ընդունել ամբողջության մեջ ու արձանագրել, որ առաջին նախագահն, ըստ էության, մերժել է թե քաղաքական ռևանշիզմն ու արկածախնդրությունը և թե իշխանությունն ամեն կերպ երկարաձգելու մտայնությունը։
Մյուս կողմից, անհնար է չնկատել, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ծնում է նոր հարցեր, որոնք, ըստ էության, չունեն պատասխաններ։
«․․․Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում»,- գրել է առաջին նախագահը՝ առաջացնելով երկիմաստություն։
Արդյո՞ք, Փաշինյանի «ժամանակավոր, ապաստանումն արտերկրում» գործող վարչապետին տրվող երաշխիք է։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ։ Եթե ընդունում ենք այն վարկածը, որ Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում պատերազմի հետևանքների համար, ապա նման առաջարկությունը կարող է դիտվել արդարադատությանը խոչընդոտելու փորձ։
Իսկ գուցե Տեր-Պետրոսյանն ա՞յլ վտանգ է տեսնում․ որ, օրինակ, Փաշինյանի կյանքին ֆիզիկական վտանգ է սպառնում։ Այս դեպքում, սակայն, պետական իշխանությունից գործող վարչապետի «դասալքությունը» կարող է միայն մեծացնել այդ ռիսկերը։
«․․․Այդ պարագայում(Փաշինյանի հրաժարականի) վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,- իր հայտարարության տեքստում պնդում է Տեր-Պետրոսյանը։
Արդյո՞ք Տեր-Պետրոսյանը վստահ է, որ իշխանության այս կոնֆիգուրացիայում, որի քաղաքական միակ այցեքարտը Փաշինյանն է, նրա հեռացումը կարող է երաշխավորել օրինական ընտրությունների անցկացումը, մանավանդ, որ տեխնոկրատ վարչապետի գլխավորությամբ իշխանությունը շատ ավելի թույլ և անօգնական է լինելու՝ մեծացնելով քաոսի ու անիշխանության էլեմենտները։ Կամ՝ ո՞րն է երաշխիքը, որ անկուսակցական վարչապետը՝ չունենալով քաղաքական հենարան, չի սպասարկելու «Իմ քայլի» կամ այլ քաղաքական խմբերի շահերը։ Միանգամից ասենք՝ չկան նման երաշխիքներ։
Եվ ամենակարևորը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը չի պատասխանում այն հարցին, թե ի՞նչ է պետք է անել, եթե Վազգեն Մանուկյանի խումբը շարունակում է գեներացնել ռևանշիզմը կամ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում վարչապետի պաշտոնից։ Դարձյա՞լ փակ շրջան, որից հետո կրկին վերադառնում ենք արտահերթ ընտրությունների օրակարգին՝ ավելի հյուծված ու հուսահատ հասարակությամբ․․․
․․․Այդ դեպքում՝ անիմաստ է ժամանակ վատնել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version