ՀՔԾ-ի «փնթիության» հետևանքները․ դա չի վերացնում Քոչարյանի պատասխանատվությունը

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյան երեկ հրապարակել է Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։  Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է Մարտի 1-ի գործով հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։
Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում կոնկրետ գործին առնչվող հանգամանքները և փորձել է հրամցնել իրականությունից էականորեն շեղվող տեղեկություններ։ Դատախազությունը պնդում է, որ Ինտերպոլը «մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու իրավասություն չունի»։
Ես որևէ պարագայում չեմ մտնի իրավական պոլեմիկայի մեջ, նկատեմ միայն, որ դատախազությունն, ըստ էության, չի հերքում, որ Ինտերպոլը Գևորգ Կոստանյանի դրվագում քաղաքական հետք է տեսել։ Միայն այս փաստը բավարար է՝ պնդելու համար, որ ՀՔԾ-ն պատշաճ քննություն չի իրականացրել Մարտի 1-ի գործով։
Երբ 2018թ-ի իրադարձություններից հետո Մարտի 1-ի գործը վերաբացվեց, ես մի քանի անգամ մտահոգություն հայտնել եմ, որ Հայաստանի դատա-իրավական համակարգն ի վիճակի չէ սպասարկել նման բարդ ու բազմաշերտ գործի համակողմանի քննությունը։ 2018-ին, հաշվի առնելով այդ օբյեկտիվ հանգամանքը, Նիկոլ Փաշինյանի թիմը կանգնած էր երկընտրանքի առաջ։
Բանական էր թվում Մարտի 1-ի բացահայտմանն անդրադառնալ դատա-իրավական բարեփոխումներից հետո, երբ այլևս որևէ մեկի մոտ կասկած չէր կարող առաջանալ գործի օբյեկտիվ ընթացքի մասով կամ գոնե անհրաժեշտ էր ներգրավել միջազգային մասնագետների, փորձագետների՝ քննության պրոֆեսիոնալ բաղադրիչն ապահովելու, ներքաղաքական շահարկումներից խուսափելու համար։
Իշխանությունը տրվեց հեղափոխական էյֆորիային և չգնաց ռացիոնալ լուծումների, ինչի հետևանքով մենք ունենք մի իրավիճակ, երբ բացահայտված չեն տասը սպանությունները, Կոստանյանի դրվագով գործ ունենք սկանդալի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների մասով դատավարությունը հայտնվել է փակուղում, ըստ էության՝ ապալեգիտիմացնելով գործընթացը։
Մյուս կողմից, Թագուհի Թովմասյանի երեկվա բացահայտումները միանգամից շահարկվում են հայտնի շրջանակի կողմից, որը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փաստաբանությունը։
Եթե անգամ ընդունենք, որ Ինտերպոլը քաղաքականապես մոտիվացված է համարել Գևորգ Կոստանյանի դրվագը ու նույնիսկ համարենք, թե նա անմեղ է, ապա այդ գնահատականները վերաբերում են Մարտի 1-ի գործի ընդամենը մեկ դրվագին ու չի կարելի այն տարածել ամբողջ գործի վրա, որի գլխավոր ֆիգուրանտը երկրորդ նախագահն է։ Երեկվանից հենց դա են անում հայտնի իրավապաշտպանները՝ պատրանք ստեղծելով, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման զոհ է։
Ի վերջո, կան անհերքելի փաստեր։
Տեղի է ունեցել ոճրագործություն, իշխանության ցուցումով Երևանի կենտրոնում գնդակահարվել է տասը մարդ, բանակը, հակառակ Սահմանադրության պահանջի, ներքաշվել է քաղաքական գործընթացի մեջ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ցուցումներով գործեր են կարվել ընդդիմադիրների հանդեպ, որոնցից շատերը ավելի ուշ արդարացվել են Հայաստանի դատարանների ու ՄԻԵԴ-ի որոշումներով։ Էլ չեմ ասում, որ զանգվածաբար կեղծվել են 2008-ի նախագահական ընտրությունները։
Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն կերպ ցանկանում է «պլստալ» պատասխանատվությունից ու դրան էապես նպաստում է ՀՔԾ-ի «փնթիությունը», սակայն դա այնքան էլ դյուրին գործ չէ, մանավանդ, գործ ունեք իշխանության արյունոտ տրանզիտի հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր