Ի՞նչ է փոխվել․ պատերազմից հետո առաջին անգամ Փաշինյանը քննադատեց Ալիևին

Պատերազմից հետո Իլհամ Ալիևը հանդես է գալիս ագրեսիվ, ցինիկ հռետորաբանությամբ, ինչին, սակայն, Նիկոլ Փաշինյանի մակարդակով պատասխան չէր հնչում։
Իշխանության ներկայացուցիչները Փաշինյանի նման պասիվ վարքագիծը բացատրում էին մի քանի հանգամանքներով։ Նախ, պատերազմում պարտված կողմը շատ ավելի զուսպ ու զգուշավոր է լինում, բացի այդ, ասվում էր, որ Երևանի զսպվածության պատճառը Բաքվում գտնվող ռազմագերիների վերադարձման գործընթացին չխանգարելն է։ Իշխանության ընդդիմախոսներն, իհարկե, իշխանության այս փաստարկները չեն ընդունում՝ առաջ քաշելով Փաշինյանի «լռության» այլ, այդ թվում՝ դավադրապաշտական վարկածներ։
Ինչևէ, երեկ Փաշինյանը խախտել է իր մարտավարությունը ու պատերազմից հետո, թերևս, առաջին անգամ բաց տեքստով պատասխանել է Ալիևին՝ քննադատական շեշտադրումներով։
Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը ու հենց այս հանդիպման ժամանակ էլ, ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանի վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան: Նա շեշտել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախահայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:
Ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի մարտավարության փոփոխությունը։
Թերևս, Երևանում գիտակցել են, որ մեղմ հռետորաբանությամբ հնարավոր չէ լուծել ռազմագերիների հարցը, մանավանդ, որ մեր շուրջ 200 հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն, ըստ էության, հրաժարվում է նրանց վերադարձնելուց՝ հղում կատարելով մտացածին հանգամանքների։ Գուցե Փաշինյանը գիտակցել է, որ հակառակորդի հետ պետք է խոսել ավելի կոշտ հռետորաբանությամբ, մանավանդ, որ Բաքվի նկատմամբ այս հարցով մեծանում է նաև միջազգային ճնշումը։
Մյուս կողմից, գուցե որոշակի խնդիրներ են առաջացել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում, ինչից որոշել է օգտվել պաշտոնական Երևանը։
Եվ վերջապես՝ շատերը նկատել են, որ Հայաստանի իշխանության ղարաբաղյան քաղաքականությունն ավելի ակտիվ ու նպատակային է դարձել մարտի սկզբից՝ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցից հետո։
Ամեն դեպքում, մեկ հայտարարության հենքով չի կարելի հեռուն գնացող հետևություններ անել։ Առայժմ բավարարվենք փաստի արձանագրմամբ ու հետևենք ԼՂ խնդրի շուրջ զարգացող իրադարձություններին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր