Իրավական թնջուկ՝ վտանգավոր հետևանքներով

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի դիմումը քննելով՝ վարչական դատարանը որոշել է բավարարել նրա միջնորդությունը, որով Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել են մինչև այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ։
Կառավարության արձագանքը չուշացավ՝ Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է։
Այսպիսով՝ Սահմանադրության և օրենսդրության անկատարությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան շտապել է աշխատանքի, իսկ կառավարությունն առաջիկա ժամերին կամ օրերին կհայտարարի, որ ԳՇ պետն այլևս Արտակ Դավթյանն է։
Իրավական թնջուկը կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի՝ վտանգավոր հետևանքներով, ընդ որում՝ ճգնաժամի թիրախում հայտնվում են մի քանի ինստիտուտներ։
Նախ, տուժում է ԶՈւ-երի հեղինակությունը, որովհետև խնդիրն արդեն շահարկվում է քաղաքական, մեդիա հարություններում։ Ընդ որում, հնչող գնահատականները գրեթե աղերս չունեն իրավունքի հետ ու սպասարկում են տեսանելի ու լատենտ քաղաքական օրակարգեր։
Ստեղծվում է վտանգավոր նախադեպ, երբ կառավարությունը մեկնաբանում է դատարանի որոշումը, ընդ որում՝ սուբյեկտիվ ձևակերպումներով։ Մյուս կողմից, Օնիկ Գասպարյանի գործոնը դառնում է այն առիթը, որը դարձյալ սրում է քաղաքական և զինվորական իշխանությունների հարաբերություններում առկա ճգնաժամը։ Ընդ որում, սա վտանգավոր է հատկապես սպասվող արտահերթ ընտրությունների համատեքստում։
Եվ վերջապես, իրավական կազուսը դարձյալ ոռոգում է ռևանշիստական տրամադրություններ։ Ամբողջովին սպառված, իսկ արտահերթ ընտրությունների հայտարարմամբ լուսանցքում հայտնված «Հայրենիքի փրկության շարժումը»՝ իր վարչապետի դեմքով, դարձյալ ազդարարեց այս առիթով քաղաքական գործընթաց գեներացնելու իր մտադրության մասին։
Շատ կարևոր է, որպեսզի ԳՇ շուրջ տեղի ունեցող զարգացումներն արագ հանգուցալուծում ստանան՝ Զինված ուժերը քաղաքական թիրախավորողներից հեռու պահելու նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր