Site icon politcom

Ընտրությունների օրը հայտնի է․ պայքարի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել իր հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»- գրել է նա:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման և ժամկետների շուրջ խորհրդարանական ուժերը ձևավորել են լիակատար կոնսենսուս, ինչի վկայությունն են Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումները՝ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։
Արտահերթ ընտրություններն այսօրվա քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցն են ու մի կողմից, նպաստելու են նոր որակի իշխանության ձևավորմանը, մյուս կողմից՝ մարգինալացնելու են ռևանշիստական օրակարգը։
Սակայն քաղաքական համակարգի առողջացման կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե մինչև ընտրություններն էապես բարեփոխվի ընտրական համակարգը, որն այժմ ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում քաղաքական գործընթացում քրեա-օլիգարխիկ հարաբերությունների արմատավորման համար։
Ռեյտինգային ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի և պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ըստ այդմ՝ օրինական ընտրություններ անցկացնելու և որակապես նոր քաղաքական համակարգ ձևավորելու համար օրախնդիր է ընտրական համակարգի բարեփոխումը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version