Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահի հայտարարությանը

Սուրեն Սուրենյանցի պնդմամբ` քաղաքականությունը խրամատ չէ, այլ մրցակցություն, փոխզիջում, կոնսենսուս, հետևաբար «խրամատ» բառը քաղաքագետի կողմից սկզբունքորեն մերժելի է։ Ըստ նրա` մենք խրամատների արդյունքները տեսել ենք Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին, ուստի երրորդ նախագահը գուցե ոչ միտումնավոր անզգույշ արտահայտություն է օգտագործել՝ իր կարգավիճակին ոչ հարիր։

«Ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը շարունակելու քաղաքական պայքարը կամ ինչ է նշանակում խրամատ չլքելը, որովհետև մի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում լսում ենք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առնվազն երկու հայտարարություն, որոնցում փաստվում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին, մյուս կողմից ՀՀԿ նախագահը խոսում է խրամատը չլքելու մասին։ Երկու հայտարարությունների միջև կա ակնհայտ հակադրություն»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործին և Սարգսյանի հայտարարությանը, թե այս հետապնդումները 2018-ից ՀՀ–ում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն են, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կագնածներին, Սուրենյանցն ընգծեց, որ տեսակետն այնքան էլ օբյեկտիվ չէ։

«Փաշինյանի իշխանությունը կատարեց բազում սխալներ, որոնք հանգեցրին այս վիճակին, ինչը չի էլ քննարկվում, բայցևայնպես շատ դժվար եմ պատկերացնում դիզվառելիքի գործի ու ղարաբաղյան հիմնախնդրի համակցումը։ Սարգսյանի դեմ քրեական գործի և նշված հիմնախնդրի միջև կապ տեսնելը շատ արհեստական է։ Եթե Սերժ Սարգսյանը համարում է, որ դիզվառելիքի գողության առթիվ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, ապա շատ հստակ իր փաստաբանական խումբը և ինքը պետք է դա հիմնավորեն։ Չեմ բացառում, որ գործը կարող է քաղաքականապես մոտիվացված լինել, բայց չեմ բացառում նաև, որ գործն ունի իրավական հիմքեր»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի համոզմամբ` Սերժ Սարգսյանի պարագայում քաղաքական ռեբրենդինգը հնարավոր չէ, որովհետև ռեբրենդինգն ինքնին շատ բազմաշերտ քաղաքական գործընթաց է ենթադրում, նախ` նախկինում կատարած սխալների խոստովանում և վերանայում, ապա նախկինում մերժված համակարգի նորացում կամ թարմացում։ Դա ենթադրում է նաև նոր քաղաքական այցեքարտի մշակում ու ամենակարևորը` եթե խոսում ենք նախկին համակարգի ռեբրենդինգի մասին, ապա դա առաջին հերթին ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հեռացում քաղաքականությունից, այսինքն` էլիտար բուրգի վերանայում, ինչը սակայն տեղի չի ունենում։

Հղում https://sptnkne.ws/FDXg

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր