Վազգեն Մանուկյանի տուն գնալու ժամանակը

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ ԲՀԿ-ն կարևոր առաքելություն ունեցավ արտահերթ ընտրությունների կայացման շուրջ կոնսենսուս ձևավորելու հարցում, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների օրը հայտարարեց Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո։
Դեռ չէր չորացել Փաշինյանի հայտարարության թանաքը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ «Փրկիչների» ձևաչափի փաստացի մասնակից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին, եթե դրանք, այնուամենայնիվ, նշանակվեն։
Արձանագրենք՝ այս ուժերն ու գործիչները ռացիոնալ վարքագիծ են դրսևորել, սակայն հարց է առաջանում, թե նրանք ինչո՞ւ են շարունակում մնալ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, որը քանիցս հայտարարել է, թե Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների չի մասնակցելու։
Ավելի ճիշտ է հնչում այլ հարցադրում՝ այլևս ի՞նչ է անելու ամբողջովին սպառված շարժումը, եթե դրա առանցքային դերակատարներն այլևս նախապատրաստվում են ընտրությունների, ո՞ւմ է ներկայացնում Վազգեն Մանուկյանը, որն այլևս «վարչապետի միասնական թեկնածու» է, թերևս, միայն իր նեղ շրջապատում։ Այդ «նեղ շրջապատն» ունի՞ ռևանշիստական օրակարգ գեներացնելու և ընտրությունները հարամելու ռեսուրս, թե՞ արտահերթ ընտրությունների օրվա հայտարարումն այլևս մարգինալացրել է ռևանշիստական օրակարգը։
Ուզում ենք հավատալ երկրորդ տարբերակին ու Վազգեն Մանուկյանի ողջամտությանը․ եկել է նրա տուն գնալու ժամանակը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր