Site icon politcom

Փաշինյանը տվեց ընտրարշավի մեկնարկը

Նիկոլ Փաշինյանն այսօր, ըստ էության, տվեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկը՝ այցելելով Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր, որտեղ վարչապետը հանրահավաքային ֆորմատով բազմամարդ հանդիպումներ է ունեցել։
Ուշագրավ է, որ պայթեց հարթակային ընդդիմության թեզերից մեկը, թե Փաշինյանն այլևս մեկուսացած է կառավարական գրասենյակում և ընտրողների հետ հանդիպելու հնարավորություն չունի։ Փաշինյանն այսօր հակառակն ապացուցեց ու նաև ուրվագծեց իր նախընտրական մարտավարությունը, որի առանցքը դարձյալ լինելու են հանրահավաքները։
Փաշինյանն ընտրությունների գնում է՝ իր իշխանությունը վերարտադրելու հաստատակամությամբ ու դրանով էր, թերևս, պայմանավորված նրա կոշտ հակադարձումը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը։
Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել․ Արագածոտնի մարզում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջին նախագահի առաջարկի մասին:
«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ։ Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովո՛ւրդ։ Փախնողները թող մտածեն փախնելու մասին»,- ասել է Փաշինյանը։
Սակայն նույնքան համոզիչ չէր Փաշինյանի խոսքի բովանդակային բաղադրիչը, անցած երեք տարիներին շատ քիչ բան է արվել, որպեսզի նա և նրա թիմը պարզճակատ ներկայանան հասարակությանը։
Օրինակ, Փաշինյանը խոսել է դատական համակարգի անկատարության մասին՝ ակնարկելով, թե վերջ է տալու թավիշին։
Ես հասկանում եմ՝ շատերի մոտ է ծագում այն հարցը, թե ինչո՞ւ որոշ դատավորներ դեռևս կան, պետք է նշեմ՝ մենք 2018-ին հույս ենք ունեցել, որ այդ մարդիկ կփոխվեն, և վենդետա կամ ջարդ պետական կառավարման համակարգում չի լինի․ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հանգում ենք իրավիճակի, որ որոշ դատավորներ խրախուսում են սպանության կոչերը: Ես գիտեմ, որ այս պահին ձեր մոտ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, մենք պետք է այս հարցին պատասխանենք: 2018 թվականին ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, մենք պարտավորություններ ենք ստանձնել և ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց պարզվում է, որ դա քաղաքական մեծ սխալ է»,- ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է՝ 2018 թվականից սկսած հույս են ունեցել, որ մարդիկ կգնան փոփոխության, բայց, ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ հատել են բոլոր սահմանները:
«Մենք հավատում ենք մարդու փոփոխությանը, բայց այդ ամենին կա ժամկետ և սահման: Շատերը այդ սահմանը հատել են թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով, այս պայմաններում ի հեճուկս իմ ասածի` կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են արյուն»,- ասել է նա:
Արդյո՞ք ժողովրդին կարող է բավարարել կառավարության անգործության այս արդարացումը կամ հասարակությունն ինչպե՞ս հավատա, որ նոր մանդատի դեպքում Փաշինյանը ռեֆորմներ է անելու, եթե նա այս ընտրություններին գնում է դեռևս Սերժ Սարգսյանի մշակած ընտրական օրենսգրքով՝ չկատարելով հեղափոխության ամենակարևոր խոստումներից մեկը։
Փաշինյանի կեցվածքը գուցե ինքնավստահ է, սակայն խոսքն ամենևին էլ համոզիչ չէ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version