Site icon politcom

«Ռեյտինգայինի» ականը․ ճգնաժամն ավելի խորանալու է

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունելու պատճառաբանությունները քաղաքական կամքի բացակայության նշան են։
Այս գնահատականի հետ միանշանակ համաձայն ենք։ Այն, ինչ ներկայացվում է՝ որպես խորհրդարանական ուժերի միջև ձեռք բերված կոնսենսուս, իրականում իր մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չի պարունակում։
Արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, իմպերատիվ, դա առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ լեգալ հնարավորությունն է ու ողջունելի է, որ վարչապետն ու խորհրդարանական ուժերը համաձայնության են եկել՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու հարցում։ Սակայն եթե ընտրություններն անցկացվելու են դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ընդունված Ընտրական օրենսգրքով, այսպես կոչված՝ ռեյտինգային ընտրակարգով, ապա, մեծ հավանականությամբ, քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի վերանալու, այլ եղած խնդիրներին ավելանալու են նաև ընտրությունների որակին, նոր ԱԺ-ի և կառավարության լեգիտիմությանը վերաբերող հարցեր, որոնց համախումբը հանգեցնելու է անհաղթահարելի փակուղու։
Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ընդդիմության ստվերային պայմանավորվածությունները չեն կարող կարևոր լինել քաղաքական տրամաբանությունից։
Բոլոր իշխանություններն, ըստ էության, կարող են շահագրգիռ լինել ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ, որովհետև այն լեգիտիմացնում է վարչական ռեսուսրի կիրառումը։ Զարմացնում է, որ խորհրդարանական ընդդիմություն է զբաղված արատավոր այդ համակարգի լոբբիզմով։ Ավելին, մենք տեղյակ ենք, որ արտահերթ ընտրությունների կայացման կոնսենսուսի շրջանակներում հենց խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարն է պնդել ռեյտինգային համակարգը պահպանելու անհրաժեշտությունը։
Իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը կոչ ենք անում՝ հետ կանգնել առևտուր հիշեցնող ոչ քաղաքական պայմանավորվածություններից, հակառակ պարագայում՝ բոլորը միասին են կրելու քաղաքական ճգնաժամի խորացման ողջ պատասխանատվությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version