Հեռվից հոխորտացող հերոսը

Անցած երկու օրերին խիստ որոշակի շրջանակի հարող լրատվամիջոցների շնորհիվ «աստղ» էր դարձել հին համակարգի խորհրդանիշներից մեկը՝ Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանը, որն իր «բացառիկ» խոսքը սովորական մահկանացուներիս հասցնելու համար լրագրողական դեսանտ էր իջեցրել Մոսկվա։
Հայրապետյանի դեմ քրեական գործին ու դրա հնարավոր ուղղորդումներին չեմ անդրադառնա, որովհետև իրավաբան չեմ ու, որպես կանոն, չեմ խցկվում այն ոլորտներ, որոնցում մասնագիտացված չեմ։
Բայց, այ, ընդհանուր կարծիք կարող եմ կազմել, մանավանդ, Հայրապետյանի «ամենագիտուն» հարցազրույցից հետո։
Աքսիոմատիկ ճշմարտություն է․ երբ մարդն ասում է «գլխիս սարքում» են, բայց հրաժարվում է հայրենիք վերադառնալ՝ պայման դնելով իր դեմ հարուցված քրեական գործի կարճումը, ես հասկանում եմ, որ նա, մեղմ ասած, «հրեշտակ» չէ ու խուսափում է արդարադատությունից։ Եթե մարդն ունի հզոր ալիբիներ, պաշտպանվելու ռեսուրս, վստահ եմ՝ նույնիսկ ամենաավտորիտար համակարգում կարող է պաշտպանվել իշխանության ոտնձգություններից։ Հեռվից հոխորտացող հերոսը, ինչպիսին Ռուբեն Հայրապետյանն է, կներեք, բայց համոզիչ չի թվում։
Երբ մարդը մի եթերի ընթացքում ավելի շատ խոսում է ոչ թե իր դեմ իբրև թե «կարված» քրեական գործից, այլ փառաբանում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ես արդեն կասկածում եմ նրա փաստարկի օբյեկտիվությանը, որովհետև ամենաշատ գործեր «կարվել» են հենց երկրորդ և երրորդ նախագահների իշխանության տարիներին ու, ի դեպ, կոնկրետ դրվագով Հայրապետյանը դրանից օգտվել է։
Եվ վերջապես, ոչ նորմատիվ բառապաշարով «պաշտպանվում» են հանցագործները։ Հարցազրույցից առաջ Հայրապետյանին գոնե մեկը պետք է հուշեր այս մասին․․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր