Կտրուկ շրջադա՞րձ․ ի՞նչ փոխվեց անցած օրերին

Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով․ լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգն ամենահարմարը չէ ՀՀ-ի համար։ Մեզ նման երկրի համար, կարծում եմ, որ ավելի ճիշտ և  քաղաքական բանավեճի կայացմանն ավելի նպաստող է, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ, և այս մասով քննարկումները շարունակում ենք»,-նշել է նա՝ հավելելով, որ նոսր ԸՕ-ն տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ։
Բադասյանի հայտարարությունները, որոնք, անշուշտ, համաձայնեցված են վարչապետի հետ, կարելի է նույնիսկ սենսացիոն համարել։ Բանն այն է, որ երբ օրեր առաջ հայտարարվեց արտահերթ ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու համաձայնության մասին, ակտիվ լուրեր շրջանառվեցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պնդմամբ՝ պահպանվելու է ռեյտինգային ընտրակարգը։ Ընդ որում, այս լուրերն անուղղակիորեն հաստատվում էին իշխանության և ընդդիմության պատգամավորների հարցազրույցներով։
Ի՞նչ փոխվեց անցած օրերին։
Արդյո՞ք իշխանությունը տեղի տվեց արտախորհրդարանական ընդդիմության և ՀԿ-ների համընդհանուր բողոքին, որով արդարացիորեն պնդվում էր, թե ռեյտինգային ընտրակարգը վերջնականապես սպանելու է քաղաքականությունը՝ ավելի խորացնելով ճգնաժամը։
Իսկ գուցե իշխանությունն ավելի ինքնավստահ դարձավ ԳՇ շուրջ ճգնաժամը հանգուցալուծելուց հետո ու որոշեց չտրվել խորհրդարանական ընդդիմության շանտաժին, մանավանդ, որ վերջին օրերին Բաղրամյան պողոտայում հավաքվում են ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ։
Իհարկե, կան տեսակետներ նաև, որ իշխանությունը միտումնավոր գնում է համաձայնությունների վիժեցմանը՝ արտահերթ ընտրությունները հետաձգելու կամ չեղարկելու նպատակով։
Վերջին վարկածն, իհարկե, շատ թույլ է ու միայն ողջունել կարելի է ընտրական համակարգի բարեփոխման ցանկությունը՝ որն էլ լինի դրա մոտիվը։ Մնում է՝ իշխանությունները կես ճանապարհից հետ չկանգնեն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր