ԳՇ-ն ունի նոր պետ․ Օնիկ Գասպարյանը գնաց ոչ թե հեղաշրջման, այլ իրավունքի ճանապարհով

ԳՇ շուրջ իրադարձությունները երեկ զարգացան շատ արագ՝ թեև շաբաթվա վերջում արմատական ընդդիմությունը դարձյալ թեժացրել էր այս թեման։
Երեկ առավոտյան ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: Վերջինս հայտարարել է, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվել է, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվել են իրավական դաշտ։
Դժվար է ասել, թե արդյո՞ք ամբողջովին լուծված կարելի է համարել քաղաքական իշխանության և ԶՈւ ԳՇ-ի վեճը, մանավանդ, որ այն իր բնույթով բազմաշերտ է՝ իր մեջ կրելով ներքին և արտաքին բաղադրիչներ։
Մի բան, սակայն, փաստ է․ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ թեև չի նահանջել, սակայն ակնհայտորեն գնում է ոչ թե հեղաշրջման կամ «պուտչի» ճանապարհով՝ ինչպես ակնկալում էին նախկին համակարգի ներկայացուցիչները, այլ իրավական հարթության վրա է փորձում վերականգնել իր աշխատանքային իրավունքները։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով կառավարության հայտարարությունը, ասել է՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։
Ընդհանուր առմամբ՝ իրադարձությունները զարգացան, այսպես ասած, լեգալ ճանապարհով, երբ քաղաքական իշխանության և բարձրագույն զինվորականության հակադրությունը լուծվեց իրավական ճանապարհով, մի կողմից, երկիրը զերծ պահելով ցնցումներից, մյուս կողմից՝ բացառելով ռազմական հեղաշրջման սցենարը, ինչը տիրաժավորվում էր հարթակային ընդդիմության կողմից, իսկ Ռոբերտ Քոչարյանն անգամ խոսում էր ռազմական հեղաշրջումների հաջողված պատմությունների մասին։
Իրեն հարգող ընդդիմությունը, որը մտածում է երկրի անվտանգային միջավայրի մասին, պետք է գոհունակություն հայտներ դեպքերի նման ընթացքից, սակայն շաբաթներ շարունակ գեներալիտետին վահան դարձրած ընդդիմադիրները երեկվանից սկսել են կասկածի տակ դնել Օնիկ Գասպարյանի հեղինակությունը՝ ակնհայտորեն դժգոհելով, որ նա գնաց ոչ թե «պուտչի», այլ իրավունքի ճանապարհով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր