Ռոբերտ Քոչարյանը կրելու է, բայց ոչ թե ընտրությունները, այլ՝ պատիժ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։  Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է  քաղաքական կոմպոնենտ, գրում է «Փաստինֆո»–ն։
Մասնավորապես՝ կայքի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները դիմել էին Շվեյցարիային՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործերով կալանավորված նախկին պաշտոնյաների՝ Ռ. Քոչարյանի, Յու. Խաչատուրովի եւ Մ. Հարությունյանի բանկային հաշիվների մասին եւ դրանց վրա արգելանք դնել՝ պատճառաբանելով, թե հնարավոր է  նրանք Շվեյցարիայում հաշիվներ ունենան։ ՀՔԾ-ն ոչ թե ասել է, որ բանկային հաշիվներ ունեն այս կամ այն բանկում, այլ ընդամենը ենթադրություն են հայտնել, թե գուցե այդ երկրում հաշվեհամար ունեն, ինչին Շվեյցարիայի իշխանությունները շատ կտրուկ են արձագանքել։
Այս տեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվում է Ռոբերտ Քոչարյանին սատարող ԶԼՄ-ների ու քաղաքական շրջանակների կողմից՝ նպատակ ունենալով հնարավորինս ապալեգիտիմացնել դատական գործընթացը։
Բազմիցս առիթ ունեցել ենք արձանագրելու, որ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործի նախաքննությունն իրականացրել է փնթի ձևով, ինչը հաջողությամբ օգտագործվում է երկրորդ նախագահի փաստաբանական խմբի կողմից։ Առանց դատա-իրավական բարեփոխումների՝ հնարավոր չէր հասնել Մարտի 1-ի գործի համապարփակ բացահայտմանը ու այսօր քաղում ենք դրա դառը պտուղները։
Մյուս կողմից, անգամ ՀՔԾ-ի բավարար պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, դատական համակարգի անկատարությունը բավարար չեն, որ Քոչարյանն իրեն ապահովագրված համարի ռիսկերից։ Երկրորդ նախագահն ակնհայտորեն գիտի, որ 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել են, ր ինքը գնացել է սահմանադրական կարգի տապալման նպատակային գործողությունների՝ իշխանության տրանզիտն ապահովելու համար, ինչի հետևանքը եղել է Հայաստանի տասը քաղաքացիների գնդակահարությունը։
Երբ Քոչարյանը հայտարարում է առաջիկա ընտրություններում «կրելու» մասին, իմիտացիա է ստեղծում, թե հալածանքների է ենթարկվում՝ իր քաղաքական գործունեության համար։ Իրականում՝ Քոչարյանն ամենաքիչն է հավատում իր հաղթանակին ու նման հայտարարություններով ու Շվեյցարիայից եկած «սենսացիոն» փաստաթղթերով ընդամենը փորձում է քաղաքականացնել, կամ, որ նույնն է՝ ապալեգիտիմացնել ընթացող դատական գործընթացը, մանավանդ, որ այն թևակոխել է դատաքննության փուլ։ Սա ինքնին ենթադրում է, որ հասարակությունն այլևս լսելու է ոչ թե Քոչարյանի փաստաբանների «խրոխտ» միջնորդությունները, այլ երկրորդ նախագահի ապօրինությունները հաստատող կոնկրետ փաստեր։
Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը կրելու է, բայց ոչ թե ընտրությունները, այլ՝ պատիժ ու հենց սրանով էլ բացատրվում են նրա փաստաբանական թիմի «բոյկոտային» տրամադրությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր