Site icon politcom

Իշխանությունը գծեց սահմանը․ ի՞նչ կանի ընդդիմությունը

Իշխանությունը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից ու հունիսյան արտահերթ ընտրություններին մասնակցել միայն համամասնական ընտրակարգով, երեկ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրությունները իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն առանց վարկանիշային ընտրացուցակի», – հայտարարել է վարչապետը:
Փաշինյանի այս հայտարարությունն իրապես արտահայտում է խորհրդարանից դուրս գործող քաղաքական ուժերի տրամադրությունները, որոնք արդարացիորեն պնդում են, որ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը վերջնականապես ձևախեղում է քաղաքական համակարգը՝ ընտրական գործընթացում լեգիտիմացնելով քաղաքական կոռուպցիան ու վարչական ռեսուրսի կիրառումը։
Փաշինյանն, ըստ էության, փաստեց, որ իշխանությունը կայացրել է մաքուր համամասնական ընտրակարգին անցնելու քաղաքական որոշում։ Վարչապետի այս հայտարարությունը խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համարում են արտահերթ ընտրությունների հարցում կայացված քաղաքական պայմանավորվածությունների խախտում՝ թեև Փաշինյանը պնդում է, թե կոնսենսուսը չի վերաբերել ԸՕ հնարավոր փոփոխություններին։
Ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմության մանևրելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Նա կամ պետք է համաձայնի ընտրություններին մասնակցել պարզ համամասնական ընտրակարգով, մանավանդ, որ այն ակնհայտորեն ավելի ժողովրդավարական մոդել է, կամ էլ պետք է որդեգրի «փրկիչների» ռևանշիստական օրակարգը ու իրեն դուրս դնի արտահերթ ընտրությունների անցկացման կոնսենսուսից ու փորձի ԱԺ-ում նախաձեռնել Փաշինյանի անվստահության գործընթացը, մանավանդ, որ երկրում երեկվանից չեղարկվել է ռազմական դրության ռեժիմը։
Երկրորդ ճանապարհն, իհարկե, արկածախնդրություն է, մանավանդ, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո փողոցի ընդդիմությունը գտնվում է բովանդակային և ինստիտուցիոնալ համապարփակ ճգնաժամի մեջ։ Իշխանությունը գծել է սահմանը, գնդակն ընդդիմության դաշտում է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version