Site icon politcom

Փաշինյանի «բարեփոխած» ՍԴ-ն «արդարացրեց» Քոչարյանին

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։

Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը՝ հավելելով, որ դատավոր Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել այս մասին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, դա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Քրեական օրենսգիրքն այլևս չունի նման հոդված և նախկին նախագահի նկատմամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը։

ՍԴ երեկվա որոշումը գործող իշխանության, Մարտի 1-ի բացահայտմանը սպասող հասարակության պարտությունն էր ու Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանական թիմի, ռևանշիզմի հաղթանակը։

Եթե երեկվա որոշումը կայացներ Հրայր Թովմասյանի ՍԴ-ն, դրա քաղաքական կործանարար հարվածն այսքան ուժգին չէր լինի։ Սակայն նման խայտառակ որոշում կայացրել է Նիկոլ Փաշինյանի թիմի «բարեփոխած» ՍԴ-ն։

Ցավում եմ, սակայն ՍԴ երեկվա որոշումը Քոչարյանի մասին չէ(այդ որոշումը չի կարող սրբագրել նրա կատարած ապօրինությունները), այսօրվա իշխանության ռեֆորմիստական պոտենցիալի բացակայության մասին է։ Հիմա բոլորս պարտավոր ենք մտածել քաղաքական այնպիսի ձևաչափերի մասին, որոնք կբացառեն ռևանշիզմի ռեստավրացիան։ Մնացած զրույցներն ու կուսակցական նեղ շահերը, զեղումները երկրորդական են։

Փաստ է, որ ՍԴ երեկվա որոշումը բացահայտել է գործող իշխանության կատարյալ անկարողությունը կամ էլ բորբոքել է կասկածներ, որ իշխանության փոխանցման վերաբերյալ ստվերային պայմանավորվածություններ գոյություն ունեն ներկաների ու նախկինների միջև։

Փաստ է նաև, որ ՍԴ երեկվա որոշումից հետո հին համակարգը փորձելու է առաջիկա ընտրություններում հասնել ռևանշի՝ ռեստավրացնել հին համակարգը։ Ձեռնոցը նետված է, հիմա կոնսոլիդացվելու, արդյունավետ ձևաչափեր ստեղծելու խնդիր ունեն բոլոր այն ուժերը, մարդիկ, որոնց համար Հանրապետությունն ու նրա ինքնիշխանությունն արժեք են։

 

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version