Site icon politcom

Ի՞նչն է միավորում երեք նախագաներին՝ Արցա՞խը, թե՞ Փաշինյանի դեմ պայքարը

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մարտի 25-ին հանդիպել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Ըստ Մուսինյանի՝ նախկին նախագահները քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։
Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը ոչ միայն հաստատում է հանդիպման փաստը, այլ նաև չի բացառում այս ձևաչափով հանդիպումների պարբերականությունը։ «Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական, ասված է հաղորդագրությունում»,- ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում։
Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները հանդիպել էին նաև պատերազմի օրերին, ինչը շատ բնական էր դիտվել հասարակության կողմից, մանավանդ, որ Հանրապետությունների նախկին ղեկավարները Հայաստանի գործող իշխանությանը սատարելու պատրաստակամություն էին հայտնել։
Արդյո՞ք այս պահին ԼՂ խնդրի շուրջ դարձյալ ստեղծվել են այնպիսի մարտահրավերներ, որոնք իրենց հրատապությամբ համարժեք են պատերազմի հարուցած խնդիրներին ու օբյեկտիվորեն ծնել են նախկին նախագահների նոր հանդիպման անհրաժեշտություն։
Առաջին ու երրորդ նախագահների գրասենյակների տարածած հաղորդագրությունը շատ ժլատ է ու այս հարցին հստակ պատասխան չի տալիս՝ հատկապես, որ գործող իշխանությանը հասցեագրված որևէ առաջարկություն չի հնչել կամ երկրի նախկին առաջնորդները հանդես չեն եկել հրապարակային հայտարարությամբ կամ նախաձեռնությամբ։
Տակավին անհայտ է, թե արդյո՞ք որևէ ուղղակի կամ անուղղակի կապ գոյություն ունի նախակին նախագահների հանդիպման ու դրան հաջորդած ՀՀ ու Արցախի ԱԽ-ների համատեղ նիստի միջև, մանավանդ, որ դրան առաջին անգամ մասնակցել է ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Իհարկե, փորձագիտական շրջանակներում երկու Հանրապետությունների նախկին ղեկավարների հանդիպման նաև ներքաղաքական համատեքստն է քննարկվում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը անհաղթահարելի հակասություններ, նույնիսկ թշնամական հարաբերություններ ունեն, սակայն նրանց միավորում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդդիմախոսությունը ու չբացառենք, որ նախակին նախագահների մասնակցությամբ ստեղծվում է նոր ձևաչափ, որը կարող է գործիք դառնալ գործող իշխանության դեմ կոնսոլիդացիայի համար, մանավանդ, որ զուգահեռ տեղի է ունենում կարևոր շրջադարձ Մարտի 1-ի գործում, որտեղ առանցքային դերակատարություն են ունեցել ոչ միայն երեք նախկին նախագահները, այլ նաև՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version