Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մինչև 3,2 տոկոս

Կորոնավիրուսի զույգ ալիքներն ու հակամարտության ցնցումը պատճառ դարձան, որ պետական պարտքը փոխի իր անկման միտումը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը՝ վերահաստատելով Հայաստանի համար իր «B+» կայուն կանխատեսումը։

Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականի ավարտին Հայաստանի պարտքի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կկազմի 67,6 տոկոս, իսկ 2025 թվականի ավարտին այդ ցուցանիշը կնվազի մինչև 63,5 տոկոս։

Fitch-ը նաև կանխատեսում է, որ ՀՆԱ-ի իրական աճը կվերականգնվի մինչև 3,2 տոկոս 2021-ին և 4 տոկոս 2022 թվականին։ Այս գնահատականները փորձագետները չափազանց լավատեսական են համարում։ Fitch-ը նշում է, որ 2021 թվականին պետական բյուջեի դեֆիցիտը գլխավորապես ֆինանսավորվելու է եվրոբոնդերի թողարկումից ներգրավված 750 միլիոն դոլարի հաշվին:

Տնտեսական վերլուծություններ անող միջազգային ընկերությունը մատնանշում է արտաքին ներդրումների թույլ հոսքը և Հայաստանի կախվածությունը հանքանյութի արտահանումից, ինչը մեծացնում է խոցելիությունը պղնձի և թանկարժեք մետաղների գների տատանումների նկատմամբ։ Մաքուր արտաքին պարտքը մեծ է` ՀՆԱ-ի համեմատ կազմում է մոտ 55 տոկոս, կանխատեսվում է, որ 2022 թվականի վերջին այն կաճի՝ հասնելով մոտ 62-ի։ Ակնկալվում է, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կբավարարի 2021 թվականի պակասորդի միայն մեկ քառորդը:

Անդրադառնալով գնաճին, Fitch-ը նշում է, որ գնաճն արագացել է վերջին երեք ամիսների ընթացքում՝ 2021-ի փետրվարին հասնելով 5,3 տոկոսի՝ 2020 թվականին 1,2 տոկոս միջին ցուցանիշից հետո: Fitch- ը կանխատեսում է, որ կարճաժամկետ գնաճը կնվազի՝ 2021-ին հասնելով միջինը 3,5 տոկոսի, որը Կենտրոնական բանկի 4 տոկոսանոց ցուցանիշից քիչ է տարբերվում: Այս կանխատեսումները ևս լավատեսության չհիմնավորված բաղադրիչ ունի։

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին, Fitch-ը ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կպահպանի մեծամասնությունը առաջիկա արտահերթ ընտրություններում:

Պատերազմը նաև ամրապնդեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ անվտանգության և տնտեսական հարաբերությունների առումով: Fitch-ի վերլուծությունում նաև նշվում է, որ թեպետ ակնկալվում է, որ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը, սակայն աջակցությունը նրա կառավարությանը նվազել է պատերազմից հետո, ինչը կարող է սրել մարտահրավերները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության բացասական հետևանքը, ըստ Fitch-ի, կշարունակվի, քանի որ Հայաստանում կան տասնյակ հազարավոր փախստականներ։ Բացի այդ, չնայած ռուսական խաղաղապահ ուժերի առկայությանը, Fitch-ը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կարող է կրկին սրվել ապառազմականացված գոտու բացակայության պատճառով: Ամենաբարձր վարկանիշն, ըստ Համաշխարհային վարկանիշավորող ընկերության, Հայաստանը գրանցել է 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր