Site icon politcom

Ասք «Գելի» և «գելխեղդի» մասին

Մարտի 1-ի գործով՝ հակասահմանադրական որակված մեղադրանքը դատարանում պաշտպանող Գլխավոր դատախազությունից դեռ չեն արձագանքում ՍԴ որոշմանը, ասում են՝ դիրքորոշում կհայտնեն որոշմանը ծանոթանալուց հետո։ Սահմանադրական դատարանի որոշումները հրապարակվում են եռօրյա ժամկետում։ Տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասում է՝ դատախազությունը վաղուց պետք է մեղադրանքը վերաորակեր, միևնույն ժամանակ կարծում է՝ գործը սրանով ավարտված չէ։
Սեդա Սաֆարյանի լավատեսությունը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի կիսում։ Երեկ մարզային հերթական այցի ժամանակ նա խուսափողական պատասխան է տվել։
Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ։ Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն։
Նա նշել է, որ դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել։
Փաշինյանը հայտարարել է նաև, թե Արագած գյուղում էլ բնակիչներն ասել են, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «գելերը» ուզում են նորից գալ իշխանության, բայց ներկաներից մեկն ասել է՝ եթե իշխանության գալ ցանկացողները «գել» են, իրենք էլ «գելխեղդ» են։
«Որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս թող չունենա»,- նշել է նա։
Ակնհայտորեն՝ Փաշինյանի ակնարկն, առաջին հերթին, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ՍԴ հայտնի որոշումից հետո իշխանությունը կորցնում է նաև իր ունեցած թերևս վերջին «առաքելությունը»՝ նախկին համակարգի ռեստավրացիայի կանխումը։
Հասարակությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կամ անզոր է ու չի կարողանում կանխել նախկինների ռևանշը, կամ էլ՝ ստվերային պայմանավորվածություն ունի Ռոբերտ Քոչարյանի հետ ու նույնիսկ վարկած է շրջանառվում, որ ՍԴ որոշումով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Պուտինին։
Անկախ այն հանգամանքից, թե որ վարկածն է ճիշտ, ՍԴ որոշումից հետո շատերը հավանական են համարում իշխանության փոխանցումը Քոչարյանին կամ նրա ռևանշը։ Սա ծանր հարված կլինի Հայաստանի համար, որը հազիվ է ազատվել քրեաօլիգարխիայի ճիրաններից։
Մյուս կողմից, «Գելի» և «գելխեղդի» մասին պատկերավոր պատմություններով ռևանշիզմը չի կանխվի։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հանդես գալ քաղաքական և հասարակական համաձայնության հստակ բանաձևերով, կամ էլ՝ մտածի իշխանության տրանզիտի այնպիսի խողովակների մասին, որոնք չեն ենթադրում հին համակարգի վերադարձը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version