«Փրկիչների» փուլային ֆիասկոն

 

«Հայրենիքի փրկության շարժման» երեկվա հանրահավաքը, որը Երևանի Դեմիրճյան փողոցում հավաքել էր մի քանի հազար մարդկանց, առանձնահատուկ էր մի քանի առումով։

Այն առաջինն էր այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Ի դեպ, այս հանգամանքն էապես ազդել էր ընդդիմադիր հարթակի քաղաքական բովանդակության վրա։ Երեկ տեսանելի էր ԲՀԿ պատգամավորների, «Հայրենիք» կուսակցության ղեկավարության և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների բացակայությունը։ Այս երեք ուժերը հայտարարել են արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ու, ըստ ամենայնի, չեն ցանկանում իրենց ռեսուրսը մաշեցնել անպտուղ հանրահավաքներում։

Այս համատեքստում առնվազն տարակուսելի է հնչում Վազգեն Մանուկյանի «Ուժին պետք  է հակադրել ուժ» բանաձևը, մանավանդ, ակնհայտ է՝ հարթակային ընդդիմությունը հանրահավաքից-հանրահավաք կողմնակիցներ է կորցնում ոչ միայն ցուցարարների շրջանում, այլ նաև՝ հարթակում։

«Մինչեւ մարտի ապրիլի 22-ը մեր շարժումը սկսում է այցելություններ մարզեր: Երկրորդ փուլը, երբ ինքը հրաժարական տա, այդ 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո եւ հեռացնել նրան: Եթե ամեն դեպքում անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, երկու կարեւոր բան կուսակցությունները պարտավոր են հայտարարել. առաջինը, որեւէ պարագայում որեւէ կուսակցություն, որեւէ ձեւաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ: Երկրորդ, այդ ընտրությունները չպետք է լինեն սովորական ընտրություններ, պետք է լինեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»,- երեկ այսպիսի եռափուլ ծրագիր է ներկայացրել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ինքնին հասկանալի է, որ փուլային ծրագրի վերջին հատվածը վերաբերում է հատկապես ՀՓՇ-ին մաս կազմող ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությանը։ Համենայն դեպս, կուլիսներում շարժման ղեկավարությունն այս երկու կուսակցություններին մեղադրում է իշխանության հետ կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Իշխան Սաղաթելյանն ասում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով Փաշինյանի դե յուրե հրաժարականը պետք է դարձնեն դե ֆակտո՝ 14 օրերի ընթացքում։ Հետաքրքիր է՝ մի քանի հազար մարդկանցով ինչպե՞ս են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը հրամցնելու գործող ԱԺ-ին, մանավանդ, որ անգամ ձևաչափի մասնակից ԲՀԿ-ն մտադիր չէ թեկնածու առաջադրել Փաշինյանի սպասվող հրաժարականից հետո։ «Փրկիչներն» ավելի ազնիվ կլինեին, եթե այս պահից հայտարարեին ընտրություններին մասնակցելու մասին՝ թեկուզև իրենց ասած օրակարգով՝ «դավաճանին» հեռացնելու նպատակով։ Թե չէ՝ անկեղծ չէ, երբ «փրկիչների» մի ձեռքը հեղափոխություն է անում, մյուսը իշխանության հետ «բազարների» մեջ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր