Ինչո՞ւ «թուրքական» թեման դարձավ ներքաղաքական օրակարգի հարց

Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական քարոզարշավն, ըստ էության, մեկնարկել է։ Անցած շաբաթ նա Արագածոտնի մարզում էր, երեկ հանդիպումներ էր ունենում Արմավիրի գյուղերում։

Փաշինյանը երեկ «աննախադեպության» թեմաներով մի քանի հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախում սպասվող ենթակառուցվածքային ծրագրի, Երևանում ԲՈւՀ-ական շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք հիմնելու մասին։ Ավելորդ է ասել, որ այս հայտարարությունները, մեղմ ասած, ամրապնդված չեն մասնագիտական կամ փաստական հիմքով։

Ինչևէ, շատ ավելի կարևոր է Հայաստանի տարածաշրջանային դերին վերաբերող մի հայտարարություն, որը երեկ Փաշինյանը հնչեցրել է Արմավիրում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պետք է փոխի իր հայացքները, դիտանկյունները տարածաշրջանի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մեր հայացքը, մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխենք, ես այդ բարդ նախադասությունը ասում եմ և այդ նախադասության շուրջ պետք է մտածենք: Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ որպեսզի հնարավոր լինի Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորել, պետք է ՀՀ-ն կարողանա իր դիտանկյունը փոխել տարածաշրջանի նկատմամբ, տարածաշրջանն էլ ՀՀ-ի նկատմամբ:

Ընդդիմադիրները պնդում են, որ այս հայտարարությամբ Փաշինյանը հիմքեր է ստեղծում Թուրքիայի հետ հաշտեցման համար, մանավանդ, որ նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հյուրընկալվելով Հանրայինի եթերում, հետևողականորեն հրաժարվել է Թուրքիան համարել «թշնամի» երկիր։

Մինչ իշխանությունը սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով, և մենք, ըստ էության, ոչինչ չգիտենք նրա ծրագրերի մասին, հարթակի ընդդիմությունը «մերկացնում» է Նիկոլ Փաշինյանի հերթական «դավաճանությունը»։ Գործող վարչապետին մեղադրում են անգամ մարդիկ, ովքեր կողմ են հայ-թուրքական հարաբերություններին՝ համարելով, որ պատերազմում կապիտուլյացիայի ենթարկվածը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պարզապես ստիպված է խոնարհվել հակառակորդի առջև։

Իմ կարծիքն ընդհանուր թրենդից տարբեր է։

Գրիգորյանի հարցազրույցում կամ Փաշինյանի խոսքում խնդիրն ամենևին էլ թուրքական գործոնին տված գնահատականները չեն։ Հայ-թուրքական ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է ու մի օր դա տեղի է ունենալու, եթե, իհարկե, մենք ուզում ենք ունենալ ինքնիշխան երկիր և նվազեցնել պատերազմի ռիսկերը։ Սա ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն է։ Սա է, որ հստակ չասեցին Փաշինյանն ու Գրիգորյանը։

Սակայն նրանց խոսքի հիմնական թերությունն այն էր, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են մեր անվտանգության միակ երաշխիք դիտարկել ռուսական գործոնը։ Դա սխալ, թերի մոտեցում է, արտաքին քաղաքական բազմավեկտորության մերժում, ինչի հետևանքով մեր երկիրը կորցնելու է սուբեկտությունը՝ մշտապես մնալով ռուս-թուրքական հարաբերությունների մանրադրամ։

Մի խոսքով, եթե քննադատում եք իշխանություններին, ապա դա արեք ոչ թե այն պատճառով, որ նրանք խոսում են հայ-թուրքական հարաբերությունների հեռանակարի մասին, այլ այն բանի համար, որ պաշտոնյաները նման հեռանկարն, ըստ էության, պայմանավորում են բացառապես ռուսական գործոնով։ Նման մոտեցումը հակոտնյա է ոչ միայն հայ-ռուսական ներդաշնակ հարաբերությունների հրամայականին, այլ նաև՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության տեսլականին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր