Մարտի 1-ի գործը պետք է շարունակվի, բայց ապօրինությունները պետք է բացառվեն

 

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստը հետաձգվեց։

Մեղադրողները բացակա էին, դատարանն էլ հնարավոր չհամարեց գործը ՍԴ որոշման հիման վրա կարճելու պաշտպանների միջնորդության քննարկումը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և նոր նիստի օր նշանակել ապրիլի 6-ը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 2-ին։

ՍԴ որոշմանը օրեր առաջ անդրադարձել էինք։

Իշխանության ռեֆորմիստական պոտենցիալի բացակայությունը, նախաքննության մարմնի փնթիությունը, դատաիրավական բարեփոխումների բացակայությունը ի վերջո պետք է հանգեցնեին ՍԴ նման որոշման, ընդ որում՝ ողբերգականորեն այն բանից հետո, երբ Բարձր դատարանում հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի «սրտի» դատավորները։

Մարտի 1-ի գործի ողնաշարը ջարդված է, սակայն դա որևէ կերպ չի վերացնում Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների պատասխանատվության հանգամանքը։

Մարտի 1-ի գործը պետք է շարունակվի, սակայն դա չպետք է տեղի ունենա ապօրինությունների միջոցով։ Մասնավորապես, այսօր դատարանը չգտնվեց իր բարձրության վրա, որովհետև եթե առաջնորդվենք օրենքի տառով, ապա պետք է դադարեցվեր Քոչարյանի ու մյուսների հանդեպ քրեական հետապնդումն՝ անկախ նրանց հանդեպ մեր վերաբերմունքից։ Դա բխում է ՍԴ որոշման իմպերատիվից։

Իսկ Մարտի 1-ի գործում Քոչարյանի ու մյուսների պատասխանատվությանը, թերևս, հարկ է անդրադառնալ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, որոնցում հուսանք՝ քաղաքական ռևանշիզմի ու հին համակարգի ռեստավրացիայի օրակարգը կտապալվի՝ անկախ այն հանգամանքի, թե ինչպիսի իշխանություն կընտրի հասարակությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր