Փաշինյանի «դավաճանությունը»․ ընդդիմությունն առաջարկում է զրո այլընտրանք

Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել Հայաստանի և Արցախի շուրջ, երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ պետք է շարունակաբար գնահատել այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք կան այս իրավիճակում:
Փաշինյանը նաև շեշտել է՝ նոր իրավիճակում պետք է կարողանալ գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, սակայն այդ գործընթացները չպետք է տեղի ունենան Հայաստանի կենսական շահերի հաշվին։
Նշելով, որ կոմունիկացիաների բացումը նիստի քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու՝ վարչապետն ընդգծել է՝ հարցն ունի բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել:
«Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից: Մենք պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության երկարատև, կայուն զարգացումը, նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է: Այնպես որ այսօր մեզ հաջող և արդյունավետ քննարկում եմ մաղթում», – եզրափակել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Այս օրակարգը վերջին մի քանի օրերին դարձել է քաղաքական ակտիվ դիսկուրսի թեմա։ Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթներից հետո հարթակային ընդդիմությունը շատ ակտիվ քննադատում է գործող իշխանությանը՝ ընդհուպ նրան մեղադրելով թուրքական շահեր սպասարկելու մեջ։
Ավելորդ է ասել, որ ընդդիմությունը շեշտը դրել է տարողունակ թեմայի ընդամենը մեկ բաղադրիչի՝ հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների վրա ու այս հարցում ագրեսիվ քննադատության ենթարկելով իշխանությանն՝ ըստ էության, չի առաջարկում որևէ այլընտրանք։
Նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների մասով խնդիրը շատ ավելի բազմաշերտ է և, անշուշտ, հարկ է կատարել մի քանի սկզբունքային շեշտադրումներ։
Առաջին, իշխանության մոտ բացակայում է հայ-թուրքական չմիջնորդավորված երկխոսության կամք։ Փաշինյանի թիմն այդ գործընթացը կապում է ռուսական գործոնի հետ, ինչը նկատելի էր հատկապես ԱԽ քարտուղարի հարցազրույցում։ Նման մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Երկրորդ, իշխանությունը խճճվել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման երկու սկզբունքների՝ կարգավորման և հաշտեցման միջև, ինչը սկզբունքորեն չի կարող ռացիոնալ օրակարգ ձևավորել ու բերելու է ներքին բազմաշերտ շահարկումների։
Երրորդ, իշխանության թերի մոտեցումները չեն ենթադրում, որ ընդդիմության քննադատությունն ադեկվատ է։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում հարթակային ընդդիմությունը չի առաջարկում որևէ ռացիոնալ այլընտրանք․ դաշնակցական «հայդատականությունը» կամ Վազգեն Մանուկյանի՝ հակաթուքական կոալիցիաներին Հայաստանի պարտադիր մասնակցության թեզն աջակցություն չունեն նույնիսկ մեր հասարակության լայն շերտերում, էլ ուր մնաց՝ միջազգային գործընկերների մոտ։
Սկզբունքորեն՝ հայ-թուրքական չմիջնորդավորված երկխոսությունն այլընտրանք չունի, եթե, իհարկե, Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածաշրջանում պատերազմի ռիսկերի չեզոքացումը մեզ համար առաջնահերթություն են։ Ըստ այդմ, ճիշտ կլինի դուրս գալ շահարկումների հարթությունից ու ծավալել բովանդակային քննարկում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր