Site icon politcom

Պետդեպն արձանագրում է Հայաստանի տապալումը բարեփոխումների հարցում

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին:
Զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
Սկսենք պատերազմից։
Հայկական կողմի համար, անշուշտ, դրական է, որ Վաշինգտոնն, ըստ էության, արձանագրել է, թե պատերազմի հրահրման ու ելքի հարցում Թուրքիան ունեցել է որոշիչ դերակատարություն։ «2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, որի մեջ ներքաշվել են, մի կողմից, Հայաստանը և Հայաստանի աջակցությունը վայելող Ղարաբաղի անջատականները, և, մյուս կողմից, Ադրբեջանը, որը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994 թվականին կորցրած շրջանների նկատմամբ, արձանագրում է Պետդեպարտամենտը»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում։
Մյուս կողմից, պատերազմի ընթացքում տեղ գտած հանցագործությունների հարցում Պետքարտուղարությունը հավասարության նշան է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի, 44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ի կատար են ածել ապօրինի մահապատիժներ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր»,- ասված է տեքստում։
Իհարկե, մի կողմից, կարող ենք պնդել, որ Վաշինգտոնը չեզոքություն է պահպանում՝ նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության նրա կարգավիճակը, մյուս կողմից՝ զեկույցի նման «չեզոք» ձևակերպումը հուշում է Հայաստանի պատկան մարմինների, մասնավորապես՝ ԱԳՆ-ի ոչ արյունավետ աշխատանքի մասին։
Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ Պետդեպի ամենակարևոր նշումն այն է, որ «․․․2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել, միայն ղեկավար կազմն է փոխվել, դրա հետևանքով էլ, ըստ իրավապաշտպանների, անցյալում կատարված հանցանքների գործերով քրեական հետապնդում չի եղել»:
Թերևս, ասվածի լավագույն ապացույցը ՍԴ վերջին որոշումն է, որով, ըստ էության, Մարտի 1-ի գործով «մաքրվում» է Ռոբերտ Քոչարյանը։ Թեև Պետքարտուղարության զեկույցն օբյեկտիվորեն կազմվել է մինչև ՍԴ որոշումը, բայց դրանում մի ուշագրավ ձևակերպում է տեղ գտել դատական իշխանության մասին․ «Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ»:
Բացի այդ, զեկույցում նշվում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ 2020-ի մի հատվածում Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է եղել, ապա դժվար չէ ենթադրել, որ նրա գործը Վաշինգտոնում քաղաքականապես մոտիվացված չեն համարել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version