Site icon politcom

Փորձագիտական մի՞տք, թե՞ մեդիատեռորի «բանակ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախագահությունը նշանավորեց նոր՝ ավելի խորքային ճգնաժամ ռուս-ամերիկյան հարաբերություններում, հատկապես՝ Սպիտակ տան ղեկավարի աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ նա՝ շրջանցելով դիվանագիտական էթիկան, մարդասպան անվանեց Ռուսաստանի իր գործընկեր Պուտինին։
Սակայն այսօր մեր խնդիրն ամենևին էլ ռուս-ամերիկյան բարդ ու բազմաշերտ հարաբերություններին անդրադառնալը չէ, այլ դրանցում, մասնավորապես, ամերիկյան ուղեղային կենտրոնների, փորձագիտական հանրույթի դերակատարությանը։ Ամերիկացի մոտ 200 փորձագետներ, օրինակ, մասնագիտական վերլուծություն են հրապարակել, որում հակադրվում են իրենց նախագահին, սակայն՝ ոչ թե վիրավորական պիտակավորումներով, այլ այն շեշտադրումներով, թե չարժե հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ, որը միջուկային պետություն է և գլոբալ քաղաքականության առանցքային դերակատար։
Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում վերլուծական միտքը Սպիտակ տան քաղաքականությանն անդրադառնում է քննադատական հայացքով, սակայն խնդիրը ոչ թե Բայդենին կամ արտաքին քաղաքականության որևէ պատասխանատուի «սևացնելն» է, այլ ռացիոնալ օրակարգ առաջարկելը, որն, առաջին հերթին, սնվում է ԱՄՆ-ն ավելի ուժեղ ու անվտանգ տեսնելու մասնագիտական մտահոգությունից։
Արդյո՞ք նույն մասնագիտական բարեխղճությունը, ռացիոնալ մտածողությունն ունի մեր փորձագիտական միտքը։
Ցավալիորեն՝ ոչ, որովհետև Հայաստանում «փորձագետ», «վերլուծաբան» կարգավիճակով հաճախ հանդես են գալիս մարդիկ, ովքեր իրենց անմիջականորեն ասոցացնում են քաղաքական տարբեր բևեռների, հիմնականում՝ հին համակարգի ուժերի հետ։ Նման իրավիճակում առաջնային են դառնում ոչ թե մասնագիտական վերլուծությունները, ռացիոնալ լուծումները, այլ՝ իշխանությանը «սևացնելու» «սրբազան» գործը։ Փորձագետը դեվալվացնում է իր կարգավիճակը՝ մասնագիտական խոսքը փոխակերպելով իշխանությանը հասցեագրված հայհոյանքի, այլ խոսքով՝ փորձագիտությունը դառնում է «փեշակ», տուն պահելու միջոց, լավագույն դեպքում՝ «առաքելություն», որի հետևանքով մարդիկ վեր են բարձրանում կամ գահավիժում են, օրինակ, հին համակարգի հիերարխիայի սանդուղքներով։
Այսօր Հայաստանի, նրա ինքնիշխանության, հայ-ռուսական հարաբերությունների դեմ իրականցվում է մեդիատեռոր, որին սիրով մասնակցում են՝ իրենց ընդդիմադիր կամ «փրկիչ» դիրքավորած փորձագետներ։
Փորձագիտական մի՞տք, թե՞ մեդիատեռորի «բանակ»․ այս պարադոքսալ հարցադրումը Հայաստանում միանգամայն լեգիտիմ է հնչում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version