Site icon politcom

Քոչարյանի նվաստացուցիչ բենեֆիսը ռուսական եթերում

Ակնհայտ տհաճությամբ հետևեցի Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին
ОРТ-ի եթերում՝ Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը։
Ռուսական վասալի, Պուտինի «ընկերոջ» բրենդով տարիքն առած մեկը խցկվում
է Հայաստանի ներքաղաքական կյանք։ Ուղղակի ամաչում ես, որ նման մարդը
տասը տարի այս երկիրն է ղեկավարել ու հիմա էլ նման մտադրություն ունի․․․
Հոկտեմբերի 27-ով եկածը, Մարտի 1-ով գնացածը։ Արյունոտ տասնամյակի
խորհրդանիշը, որի իշխանության հիմքում եղել է Հայաստանի խորհրդարանում
հեղված արյունը, մի մարդ, ով իշխանության տրանզիտը յուրայինին ապահովեց
Երևանի կենտրոնում տասը մարդ գնդակահարելով։
Քոչարյանը երեկ ասում էր, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի
Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային: Այն վրդովեցնում է նաև
ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին՝ ակնարկելով Հայաստանի գործող
իշխանությանը, քաղաքացիական հասարակությանը։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը բացահայտորեն
ստում է, մանիպուլացնում, որովհետև Հայաստանում պարզապես չկան
հակառուսական ուժեր։ Ուշադրություն դարձրեք այլ բանի վրա՝ նախագահի
պաշտոնը զբաղեցրած մարդն ինչքան ստորաքարշորեն է քծնում Մոսկվային,
ինչքան անճաշակ ձևով է մասնակցում «իմ թշնամին թուրքն է» ֆլեշմոբին՝
ռուսական թիվ մեկ հեռուստատաղավարում։
Քոչարյանի մարտնչող պրովինցիալիզմը դարձյալ քաղաքական գործոն է,
որովհետև երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մսխել են
հեղափոխության օրակարգը, հանրային վստահությունը՝ արյունոտ տասնամյակի
խորհրդանիշին թույլ տալով պոռոտախոսել հեղինակավոր եթերներում՝
մեկուսարանում ցուցմունքներ տալու փոխարեն։
Ուզում եմ հուսալ, որ Մոսկվայում Քոչարյանի քծնանքը հավատարմության ժեստ
չեն համարի, մանավանդ, որ նրա անձով, կերպարով հայ-ռուսական
հարաբերություններն ոչ միայն չեն ամրապնդվի, այլև անդառնալի հարված
կստանան։
Գնդակը դարձյալ մեր հասարակության դաշտում է, որը երեք տարի առաջ մերժել
է հին համակարգին։ Գործող իշխանության անտաղանդության հետևանքով մեր
ժողովուրդը իր մերժումը պետք է արտահայտի ևս մեկ անգամ՝ արյունոտ ռևանշը
կանխելու նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version