«Փրկիչների» փակուղին

Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներն այլևս բացված են։

«Հայրենիքի փրկության շարժումը» իր «առաքելությունը» Երևանի կենտրոնում համարել է ավարտված ու այսօրվանից հանրահավաքներ է անցկացնելու մարզերում՝ առաջին կանգառ ընտրելով Սևանը։

Ավելորդ է ասել, որ ընդդիմադիր այս ձևաչափը գտնվում է քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ ու կազմակերպում է մարզային այցեր՝ առանց քաղաքական օրակարգի։

Խնդիրը նույնիսկ անձնավորման կարիք չունի, որովհետև նման ձևաչափերը, որպես կանոն, սպառվում են, եթե արագ չեն հասնում իրենց առաջադրած նպատակին, տվյալ դեպքում՝ իշխանափոխությանը։

Դեռևս դեկտեմբերի վերջին ակնհայտ էր, որ «փրկիչների» հեղափոխության օրակարգը ձախողված է, որովհետև նրանց օրակարգի շուրջ տեղի չունեցավ հանրային կոնսոլիդացիա։ Թերևս, հարթակի հետևից ակնհայտ էին «նախկինների ականջները», ինչի հետևանքով ժողովուրդն ակնհայտորեն չվստահեց «փրկիչներին»։

Ձևաչափի մյուս հույսը Մոսկվայի աջակցությունն էր, սակայն շուտով պետք է պարզվեր, որ ՀՓՇ-ն Ռուսաստանի համար ոչ թե իշխանափոխության, այլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ճնշում բանեցնելու գործիք է։

Չստացվեց նաև բանակի կամ նրա Գլխավոր շտաբի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնելու սցենարը, ինչից հետո Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների փակումն ընդդիմադիր այս ձևաչափի ոչ թե վճռականության, այլ թուլության, խեղճության նշան էր։

Արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսենսուսը և դրանց օրվա հայտարարումը ՀՓՇ-ին կանգնեցրեցին փակուղու առջև։ Ձևաչափի երկու կուսակցություններ՝ ԲՀԿ-ն և «Հայրենիքը», անմիջապես հայտարարեցին, որ մասնակցելու են ընտրություններին, ՀՓՇ-ին մաս կազմող մանր կուսակցությունները հերթ են կանգնել Քոչարյանի դռան մոտ՝ նրա ցուցակում խցկվելու համար։

Մարզերում հայրենիքը «փրկելու» են, թերևս, միայն Վազգեն Մանուկյանն ու ՀՅԴ մի քանի գործիչներ։ Վերջիններս, իհարկե, ինչ-որ հանգրվանի նույնպես լքելու են Մանուկյանին՝ նրան մենակ թողնելով վարչապետական անկատար երազանքների հետ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր