«Անմեղները» կամ «Ալի Բաբան ու 40 ավազակները»

Դատարանը հանցադեպի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ, քրեական գործի վարույթը կարճվեց:
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում, Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ՝ 38-300.1 հոդվածով:
Սույն գործով՝ 300.1 հոդվածով ամբաստանվողները ձեռք բերեցին արդարացվածի կարգավիճակ:
Զավեշտ այն է, որ Քոչարյանը Մարտի 1-ի գործով արդարացվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ։
Իրադարձությունների նման ընթացքն՝ ինչքան էլ զավեշտալի թվա, կանխատեսելի էր։ Մի կողմից, իշխանությունն ամբողջովին տապալել է ինստիտուցիոնալ բարեփոխումները, իրավական քաղաքականությունը, ինչի հետևանքով օրինաչափ էր հարվածը Մարտի 1-ի գործի ողնաշարին, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի, մյուսների, Մարտի 1-ի գործի մասով՝ առհասարակ, որոշումը կայացվել է միանգամայն այլ վայրում՝ օտար կենտրոնում, իսկ Հայաստանի խայտառակ արդարադատությունն այս պարագայում ընդամենը կատարեց դակողի իր ամոթալի դերը։
Մարտի 1-ի գործը ֆիասկո ապրեց, ինչն, անշուշտ, գործող իշխանության պատասխանատվության տիրույթում է, սակայն մեզ առավելապես հետաքրքրում են իրավական այս գործընթացի քաղաքական հետևանքները, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանը չի սահմանափակվում, այսպես ասած, արդարացմամբ ու նախապատրաստվում է քաղաքական ռևանշի, ինչի վկայությունն է նաև նրա վերջին հարցազրույցը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով. «Ես կմասնակցեմ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով։ Ամենայն հավանականությամբ երկու-երեք կուսակցություն կլինի»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Մեր հավաստի աղբյուրները մատնանշում են, որ Քոչարյանի դաշինքին հաստատապես մաս են կազմելու ՀՅԴ-ն և Սյունիքի՝ նախկինների հետ կապված էիլտային միավորող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ «Հայրենիք» կուսակցությունը նույնպես կմիանա այս դաշինքին, եթե, իհարկե, Արթուր Վանեցյանի պահանջը կատարվի և նա ներառվի ընտրացուցակի առաջին եռյակում։
ԶԼՄ-ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել Քոչարյանի դաշիքի առաջին տասնյակի մասին, որտեղ տեղ են գտել «էլիտար» մի քանի նախկին մեղադրյալներ Մարտի 1-ի գործով, նախկին համակարգի այլ «երևելիներ», մի խոսքով՝ սա «անմեղների» կամ «Ալի Բաբայի ու 40 ավազակների» համախումբ է։
Գնդակը դարձյալ մեր հասարակության դաշտում է, որը երեք տարի առաջ մերժել է հին համակարգին։ Գործող իշխանության անտաղանդության հետևանքով մեր ժողովուրդը իր մերժումը պետք է արտահայտի ևս մեկ անգամ՝ արյունոտ ռևանշը մեկընդմիշտ կանխելու նպատակով։ Հիմա անհրաժեշտ են քաղաքական և ինստիտուցիոնալ կրեատիվ լուծումներ՝ հին համակարգի ռեստավրացիան բացառելու համար։ Սա պետք է անեն դեմոկրատական բոլոր ուժերն՝ առանձին-առանձին ու համագործակցաբար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր