Փաշինյանը «ջրեց» Քոչարյանի PR-ը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է, որ Պուտինի հետ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե, ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել: Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին», – ասել է վարչապետը:

«Շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից» արտահայտությունն այս դեպքում ոչ միայն կոնկրետ հանդիպմանն է վերաբերում, այլ նաև հայաստանյան ներքաղաքական համատեքստին, մանավանդ, որ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն առնվազն քարոզչական հարթության վրա ակտիվորեն խաղարկում են ռուսական գործոնը։

Մարտի 1-ի գործի կարճումը, Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության եթերում Պոզներին հյուրընկալվելը, Պեսկովի ակնարկը Պուտինի ու Քոչարյանի մտերիմ հարաբերությունների մասին առիթ էին տվել, որպեսզի երկրորդ նախագահի թիմն ակտիվորեն խաղարկի այն հանգամանքը, թե Քոչարյանը Մոսկվայի «մարդն» է ու առաջիկա ընտրություններում նրա հաղթանակը երաշխավորված է։

Անկեղծ լինենք․ որևէ կայսրություն դեմ չի լինի, եթե իր ազդեցության տակ գտնվող երկրի ղեկավարի պաշտոնում հայտնվի մեկը, որն ավելի շատ իր շահերն է սպասարկում՝ սեփական պետության օրակարգը ու շահերը մի կողմ թողած։ Այս առումով՝ Քոչարյանը Մոսկվայի համար իսկապես իդեալական թեկնածու է։

Սակայն հենց այստեղ էլ Քոչարյանի դիվիդենտները վերջանում են ու սկսվում են «բայց»-երը։

Գլոբալ հարթության վրա Նիկոլ Փաշինյանը Մոսկվային երբեք էլ չի հակադրվել՝ ինչքան էլ նման պատկեր փորձում են ցույց տալ հայաստանյան հին համակարգի քարոզիչները, ըստ այդմ՝ «կայունության» մասին ուրույն պատկերացում ունեցող ռուսական քաղաքական էլիտան որևէ պատճառ չունի Հայաստանում ցնցումներ գեներացնելու՝ միայն այն պատճառով, որ Քոչարյանը գա իշխանության։

Մյուս կողմից, հետպատերազմյան Հայաստանի սուբեկտության նվազման ու ռուսական ազդեցության մեծացման համատեքստում Մոսկվայի համար երկրորդական է, թե ով է ղեկավարելու Հայաստանը։ Ակնհայտորեն՝ Հայաստանի որևէ ղեկավար այսօրվա իրավիճակում ռուսական շահերին հակոտնյա քաղաքականություն չի վարելու։

Կարծում ենք՝ Մոսկվան անկեղծ է ու այս իրավիճակում չի միջամտելու Հայաստանի ընտրական գործընթացին՝ ընտրությունը թողելով մեր հասարակությանը։ Նման հեռանկարն արդեն մահացու է Ռոբերտ Քոչարյանի համար, որովհետև նա չունի լեգալ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով, իշխանության գալու որևէ հեռանակար։ Այս իրավիճակում Մոսկվան, ընդհակառակը, չի ցանկանալու նույնանալ Քոչարյանի հետ՝ ռուսական շահերը մեր երկրում չվտանգելու համար։

Եթե մի բան էլ Մոսկվայում Քոչարյանին խոստացել են, դա այն է, որ նա առաջիկա ընտրություններից հետո ունենալու է, այսպես ասած, տիտղոսային ընդդիմության դեր ու, ըստ անհրաժեշտության, մահակ է դառնալու Հայաստանի իշխանության գլխին՝ նրանց «ռուսական գծի» մեջ պահելու նպատակով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր